Հայաստանի բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասում կառուցած ապօրինի շինությունը ապամոնտաժելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուրը»` հիմնվելով «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի տեղեկությունների վրա: Արարատի վարչական դատարանը 2012թ. նոյեմբերի 26-ին վարույթ է ընդունել նախարարության հայցը:
Ըստ «ԷկոԼուրի»` 2008 թ. ՀՀ կառավարությունը Գիլանի կարգվիճակը արգելոցից իջեցրել էր արգելավայրի եւ վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն էլ Գիլանում շինություն էր կառուցել: Սակայն 2011թ. հունիսի 23-ին կառավարությունը վերականգնել է Գիլանի արգելոցային ռեժիմը, իսկ «Հովազաձոր» ՍՊԸ-ին արգելվել է շարունակել շինարարական աշխատանքները: Արդյունքում արգելոցի սրտում մնացել է կիսակառույց շինությունը, որի ճակատագիրը կորոշի դատարանը:





























