Երեւանում Հայպետֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հունվարի 14-ին կկայանա Մարտին Պալմիերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ իտալացի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պետրոդարկիի կատարմամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նրա խոսքով՝ համերգի ժամանակ հայ ունկնդրին կներկայացվեն նաեւ համաշխարհային հռչակ ունեցող կոմպոզիտորներ Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Աստոր Պյացոլլայի, Ֆաբիո Կոնոչիելլիի, Էնրիկո Բլատտիի ստեղծագործությունները:
Իր հերթին, Մարիո Ստեֆանո Պետրոդարկին նշեց, որ Հայաստանում ինքն արդեն 5-րդ անգամ է եւ շատ ուրախ է Երեւանում համերգով հանդես գալու համար: «Հայաստանում համերգները մշտապես կազմակերպվում են բարձր մակարդակով: Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը գոհ կմնա համերգից»,-ասաց նա:
Համերգային ծրագրում ընդգրկված է նաեւ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, որի անունը անակնկալ է լինելու:





























