Ճապոնիայում Boeing 787 Dreamliner ինքնաթիռի օդաչուական խցիկի դիմապակին թռիչքի ընթացքում ճաքել է: Չվերթը հաջող է ավարտվել, ոչ ոք չի տուժել: Ավիաընկերությունից հաղորդել են, որ թռիչքին վտանգ չէր սպառնում, քանի որ ապակու հինգ շերտերից միայն արտաքին շերտն էր ճաքել:

Նախօրեին ANA-ն Boeing 787 Dreamliner-ի չվերթը կասեցրել էր արգելակման համակարգի անսարքության պատճառով: Ճապոնիայի կառավարությունը հանձնարարել էր մանրամասն ստուգել այդ տեսակի բոլոր ինքնաթիռները, գրում է vesti.ru-ն:

Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Բոստոնի օդանավակայանում ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության այդ ինքնաթիռների հետ կապված երկու միջադեպ էր գրանցվել:  Մի դեպքում այրվել էր մարտկոցներից մեկը, տուժածներ չէին եղել, քանի որ ուղեւորներն արդեն լքել էին ինքնաթիռի սրահը: Մյուս դեպքում թռիչքուղում թռիչքի պատրաստվող ինքնաթիռից 150 լ վառելիք էր արտահոսել:  181 ուղեւորները եւ անձնակազմի 11 անդամնեն արագ տարհանվել էին:

«Երազանքի ինքնաթիռը» շահագործվում է 2011թ.-ից: Այդ հսկայական ուղեւորատար ինքնաթիռները կարող են մինչեւ 15 հազար կմ թռչել առանց վայրէջքի: Դրանց հիմնական առանձնահատկությունը խնայողությունն է, այն 20%-ով ավելի քիչ վառելիք է ծախսում, քան  Boeing արտադրության նախորդ ինքնաթիռները: