Եւս մեկ վրացական գյուղ վերականգնել է «ժողովուրդների հոր» հուշարձանը։ Արեւելյան Վրաստանի Կախեթի մարզի Թելավիի շրջանի Ակուրա գյուղում կրկին հայտնվել է Ստալինի կիսանդրին, հունվարի 11-ին հաղորդել է «Կախեթիի տեղեկատվական կենտրոնը»։
2010 թվականին Ստալինի կիսանդրին Ակուրա գյուղի իշխանությունների նախաձեռնությամբ թաքուն ապամոնտաժել են։ Երկու տարի շարունակ հուշարձանը պահվել է գյուղի բնակիչ Բադրի Գոգիաշվիլիի տանը։ Իսկ վերջերս գյուղացիները տեղի իշխանություններից թույլտվություն են ստացել վերականգնել կիսանդրին։
Ակուրա գյուղի բնակիչների փոխանցմամբ, Ստալինի կիսանդրու ապամոնտաժման ժամանակ վնասված քիթն ու ծնոտը վերականգնվել են իրենց միջոցներով։
Սա Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո Վրաստանի տարածքում Ստալինի հուշարձանի վերականգման 2-րդ դեպքն է։ Առաջինը վերստին կանգնեցվել է Զեմո Ալվանի գյուղում (Արեւելյան Վրաստան, Կախեթի մարզ, Ահմետի շրջան)։





























