Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը ժամը 17:59-ին մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում մեքենա է ընկել: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրուցում մարզային փրկարարական վարչության Բերդի փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Այգեպար-Բերդ ավտոճանապարհին: Փրկարարները ջրամբարից  դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, որի վրայից բացակայում է դիմապակին: Ջոկատի հրամանատարն ասաց նաեւ, որ լճի հարակից տարածքում գտնվել է բջջային հեռախոս եւ տղամարդու գլխարկ, իսկ մեքենայում գտնվող անձանցից ներկա դրությամբ տեղեկություն չկա:

«Այժ մենք տեխնիկա ենք կանչել, մեքենան թեեւ լճից դուրս ենք բերել ու ափ իջեցրել, սակայն տեղանքի անհարմարության պատճառով չենք կարողանում ճանապարհ բարձրացնել»,-ասաց նա, հավելելով, որ մեքենայում մարդ չի հայտնաբերվել:

Նշենք, որ նշված տարածքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Քիչ առաջ հասած չճշտված տեղեկություններով՝ նշված մեքենայում եղել է 2 մարդ՝ վարորդը Այգեպար գյուղից է: Ըստ տեղեկությունների նրանք դիմել են բուժօգնության:

Մանրամասներն՝ առաջիկայում: