Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, այսօր` հունվարի 13-ին, կալանավայրից ազատ են արձակվել Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շեկոյանը: Նրանք երկուսն էլ Աջարիայի հայ համայնքի գործիչներ են եւ 2010 թ. հոկտեմբերին ձերբակալվել եւ առանց հիմնավոր ապացույցների դատապարտվել էին 11 տարվա ազատազրկման:

Հարազատների եւ ընկերների ուղեկցությամբ նախկին կալանավորները ուղեւորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեկ է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից: Թեմակալ առաջնորդը բարձր է գնահատել նոր իշխանությունների արդար եւ մարդասիրական դրսեւորումները եւ շնորհավորել երիտասարդներին:

Արմեն Գեւորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը եւ 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

Սպասվում է, որ առջիկայում ազատ կարձակվի նաեւ հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: