Լոռիի մարզի Պետրովկա գյուղում մոր մահից մեկ ամիս էլ չանցած նրա 17-ամյա դուստրն ամուսնացել է Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը, հավելելով, որ աղջիկն ամուսնացել է մորաքրոջ տանը բնակվելու ժամանակ: Դեռեւս մորաքրոջ տանն են գտնվում նրա փոքր եղբայրը՝ 12-ամյա Սեյրանը եւ մահացած կնոջ հայրը: Գյուղապետի փոխանցմամբ՝ տղային պատրաստվում են հանձնել Վանաձորի մանկատուն:

«Ես առաջիկա օրերին պատրաստվում եմ գալ ու մարզպետին գրություն գրել, որ երեխային մանկատուն հանձնենք, իսկ հորը՝ ծերանոց կամ նման մի տեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաների մորաքույրը եւս հնարավորություն չունի փոքրիկին պահելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեկտեմբերի 18-ին  ժամը 10:00-ի սահմաններում, 20-ամյա Յուրիկ Ավագիմովը իրենց տնամերձ հողամասում՝ ծառի տակ, ծեծելով ու տանջամահ անելով սպանել էր հարազատ մորը՝ 43-ամյա Սուսաննա Դավոյանին: Յուրի Ավագիմովին ոստիկանները հայտնաբերել էին Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտից: Յուրի Ավագիմովը կալանավորվել է:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am