Վիճաբանության ժամանակ որդուն սպանած հայրը` 82-ամյա Վոլոդյա Նիկոյանը, այսօր` հունվարի 14-ին, ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Մալյան փողոցի բնակիչ, 55-ամյա Վլադիմիր Նիկոյանի դիակը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վ. Նիկոյանին խոհանոցային դանակով հարվածել եւ սպանել է հայրը` 82-ամյա Վոլոդյա Նիկոյանը, ով նույն օրը, ժամը 19.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: