Ղազախստանում Բալխաշ լճի մոտ չորս մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդն ինքնասպան է եղել: 

Քննության ներկայացուցիչը պատմել է, որ Յուրի Կռիլովը ինքն իրեն կրակել է, երբ հարցաքննության նպատակով նրա որսորդական տնակ են ժամանել քննիչները: Եւս երկու  կասկածյալ հետախուզման մեջ են, հաղորդում է TengriNews-ը:

Կռիլովի մասին տեղական լրատվամիջոցների տվյալները տարբեր են: Ըստ որոշ լուրերի`նա ձկնորսական ընկերություններից մեկի տնօրենն է եղել: Մյուսները պնդում են, որ նա սովորական որսագող էր: Հաղորդվում է նաեւ, որ Կռիլովը տառապել է շիզոֆրենիայով:

Հրկիզված մեքենայում չորս զոհերի այրված դիակները հայտնաբերվել էին հունվարի 12-ին` Բալխաշ լճի սառույցների վրա: Հաստատվել էր, որ հունվարի 9-ին  «Բալխաշ բալիկ»-ի երեք անտառապահներ եւ ընկերության  իրավաբանը շրջել էին  ընկերությանը պատկանող հողատարածքներում:  Նրանց եւ Կռիլովի միջեւ վեճ էր ծագել, վերջինս սպանել էր հակառակոդներին, իսկ հետո այրել նրանց մարմինները ՈՒԱԶ-390-ում: