ՄԱԿ-ը նախազգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքով սառցադաշտերի, բևեռային սառցավահանների և հավերժական սառածության անդառնալի քայքայման վտանգի մասին, գրում է The Guardian-ը։

Ըստ նոր զեկույցի՝ նույնիսկ եթե մարդկությանը հաջողվի միայն ժամանակավորապես գերազանցել Փարիզի կլիմայական համաձայնագրով սահմանված 1,5°C թիրախային շեմը, հետագայում անհրաժեշտ կլինի գլոբալ տաքացումը նվազեցնել ոչ միայն մինչև այդ մակարդակը, այլև իդեալական դեպքում՝ մինչև 2150 թվականը հասցնել 1°C-ից ցածր մակարդակի։

Երկիրը նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ արդեն տաքացել է մոտ 1,3°C-ով։ Ջերմոցային գազերի արտանետումների անբավարար կրճատման պատճառով գիտնականները կարծում են, որ 1,5°C թիրախային շեմի ժամանակավոր գերազանցումից, հավանաբար, չի հաջողվի խուսափել։ Սակայն այդ ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճ լինի, քանի որ նույնիսկ ջերմաստիճանի հետագա նվազեցումը չի կարողանա վերացնել հասցված վնասի զգալի մասը։

Զեկույցը պատրաստել է 80 գիտնական՝ Կրիոսֆերայի հարցերով միջազգային կլիմայական նախաձեռնության (ICCI) և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) մասնակցությամբ։ Կրիոսֆերան ներառում է մոլորակի բոլոր սառած բաղադրիչները՝ սառցադաշտերը, ձնածածկույթը, ծովային սառույցը և հավերժական սառածությունը։

Ըստ հետազոտության՝ ներկայիս կլիմայական քաղաքականության իրականացման դեպքում տաքացումը կարող է հասնել մոտ 2,8°C-ի։ Այդ դեպքում մերձմակերևութային հավերժական սառածության գրեթե ամբողջ շերտը կարող է հալվել, իսկ օվկիանոսային շրջանառության խախտումները լուրջ սպառնալիք կդառնան։ Սառույցի հալումը նաև կնպաստի ծովի մակարդակի բարձրացմանն ու օվկիանոսների թթվայնացմանը։

Հատկապես խոցելի կլինեն լեռնային սառցադաշտերը։ Ներկայիս կլիմայական քաղաքականության պայմաններում Ալպերը, Ժայռոտ լեռները, Իսլանդիան և Սկանդինավիան կարող են կորցնել սառցադաշտային սառույցի ավելի քան 90%-ը։ Իսկ եթե հաջողվի տաքացումը սահմանափակել 1,5°C-ով, կպահպանվի դրա ներկայիս ծավալի մոտ 20–35%-ը։

Լուրջ հետևանքներ են սպասվում նաև Հիմալայներում և Հինդուկուշում, որտեղ սառցադաշտերը ջրով են ապահովում մոլորակի բնակչության գրեթե մեկ քառորդին։ Ներկայիս սցենարի դեպքում այնտեղ կպահպանվի սառցադաշտային սառույցի միայն 41%-ը, մինչդեռ 1,5°C տաքացման դեպքում՝ մոտ 83%-ը։

Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցավահաններն այսօր հալվում են մոտ վեց անգամ ավելի արագ, քան 1990-ական թվականներին։ Գիտնականները նախազգուշացնում են, որ սառույցի կորուստը կշարունակվի նույնիսկ ջերմաստիճանը 1,5°C մակարդակին վերադարձնելու դեպքում։ Կլիմայական շատ համակարգեր կկարողանան վերականգնվել միայն դարերի կամ հազարամյակների ընթացքում։

Ըստ զեկույցի գլխավոր հեղինակ, սառցադաշտաբան Ջեյմս Քիրքհեմի՝ ձյունն ու սառույցն արագ են արձագանքում նույնիսկ ջերմաստիճանի աննշան բարձրացմանը, իսկ դրանց կորստի հետևանքներն անդրադառնում են ամբողջ մոլորակի վրա։ Ուստի գիտնականները կոչ են անում կլիմայական թիրախների ժամանակավոր գերազանցումը չդիտարկել որպես ընդունելի սցենար և ձգտել արտանետումների հնարավորինս արագ կրճատման։