«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություևը որոշել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտպանել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Գործընկեր կուսակցություն է, միասին ՀԱԿ-ում ենք եղել, քանի որ ՀԱԿ-ից միակ առաջադրվող թեկնածուն «Ազատության» թեկնածուն է, մենք էլ առանձնակի հակասություններ ու պրոբլեմներ չենք ունեցել, մեր կուսակցությունը որոշեց սատարել, պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը»,- ասաց նա:
Հարցին, թե նախկին վարչապետին սատարելու ձեր որոշման համար ՀԱԿ-ում քննադատության չարժանացավ արդյոք, քանի որ ՀԱԿ շատ ներկայացուցիչներ ՀԱԿ-ի ընտրությունները բոյկոտելու պարագայում Հրանտ Բագրատյանի առաջադրվելը համարում են դավաճանություն, Սոս Գիմիշյանը նշեց, թե ով է ասել, թե ՀԱԿ-ը որոշել է բոյկոտել ընտրությունները, քանի որ «բոյկոտել չի նշանակում տանը նստել եւ չմասնակցել ընտրություններին, այլ նշանակում է` ընկել է քաղաքներով, գյուղերով եւ ժողովրդին համոզել, բացատրել, թե ինչու չպիտի մասնկացել, ո՞րն է դրա նպատակը»:
«Բոյկոտել նշանակում է հանձնաժողովի անդամներին հանել, մանդատները վայր դնել, թե տաք տեղերը իրենք իրենց ապահովեցին, հիմա բոյկոտում են: Ասում են, թե իբր մասնակցությամբ լեգիտիմացնում են ընտրությունները, այդ դեպքում թող ասողը առաջին հերթին մանդատները վայր դնեն, որ գնացին, մտան ԱԺ` իբր ներսից իշխանություն քանդեն, փոխանակ ներսից իշխանություն քանդեն, նույն մարդիկ դրսից ՀԱԿ-ը քանդեցին, ուրեմն` թող չլեգիտիմացնեին ԱԺ»,- ասցա նա:
Նա հարց հնչեցրեց, թե որն է ընտրություններին չմասնակցելու նպատակը, քանի որ եթե իրենք չեն մասնակցում, ապա ինչ լավ բան են անում մեր երկրի, ժողովրդի, համար: «Թող բացատրեն, գուցե իսկապես լուրջ միտք կա, ոչ մի բան չկա, տանը նստել են, բոյկոտում են: Հետո, մենք երբեք բոյկոտելու մասին չենք խոսել, մենք 5 տարի է` խոսում ենք արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրությունների մասին, բայց գնացինք մասնակցեցինք հերթական խորհրդարանական ընտրություններին, որին այդ ձեւով մասնակցելուն մենք դեմ էինք, մասնակցեցինք, տանուլ տվեցինք: ՀԱԿ-ի հռչակագիրն ենք 100 տոկոսով տանուլ տվել, որտեղ գլխավոր նպատակը հռչակել էինք արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների միջոցով սահմանադրական կարգ վերականգնելն է, ոչ էն ենք արել, ոչ էն, այսինքն` ամբողջությամբ ՀԱԿ-ի ծրագիրը տանուլ ենք տվել, հիմա էդ մարդիկ խոսում են ինչ-որ դավաճանությունից»,- ասաց նա
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն ամսնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը





























