Ռուսաստանի ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության հարցերով հանձնակատար Կոնստանտին Դոլգովը ողջունել է  Վրաստանում մի շարք քաղբանտարկյալների ներում շնորհելու որոշումը ու կոչ է արել Թբիլիսիին ազատ արձակել «ոստիականության կամայականությունների բոլոր զոհերին»։ 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», վերջերս Վրաստանում համաներմամբ ազատ են արձակվել քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձինք, որոնց շարքում ազատ են արձակվել նաեւ ռուսական քաղաքացիություն ունեցող Պավել Բլիաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը։

«Կարելի է միայն ողջունել Սահակաշվիլիի ռեժիմի իրագործած անօրինականություններն ուղղելու քայլերը։ Անհրաժեշտ ենք համարում ոստիկանական կամայականության, լրտեսամոլության ու սարքած դատական գործերի զոհ դարձած մեր մյուս քաղաքացիների, այդ թվում նաեւ հայտնի մսխեթցի իրավապաշտպան Սուլեյման Բարբակաձեի շուտափույթ ազատումը վրացական բանտերից», - ասել է Դոլգովը։

Օմբուդսմենի խոսքով՝  վրացական իշխանությունների կողմից նման որոշում ընդունելը համապատասխան միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների՝ Թբլիսիին ներկայացրած բազմաթիվ պահանջների վաղուց հասունացած պատասխանը կլիներ։