NEWS.am-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 15-ին, ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ձերբակալվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Համլետի Ենգոյանը: Վերջինս ձերբակալվել է առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով: Ի դեպ Ենգոյանը աշխատանքից ազատված էր եւ գտնվում էր կադրային ռեզերվում:

Նշենք, որ այս քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ավելի քան մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 6-ին ձերբակալավել էր Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, ով հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ` առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել էր ապացույց` որպես վկա ներգրավելով Ն. Հ.-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես եւ դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլեւ առհասարակ դեպքի վայրում չի եղել:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 28-ին: Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանը, Գեւորգ Թոսունյանը եւ Սահակ Սահականանը վիճաբանել են միմյանց հետ միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, նույն օրը սպանվել էր Գրիգոր Պապյանը: