Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական եւ նախագահական չընտրությունների հետ կապված վերջին շրջանի զարգացումները տրամաբանական ավարտին են հասցնում երկրում ձեւավորված ներկայացուցչական ժողովրդավարության խորքային ճգնաժամը՝ հանգեցնելով կուսակցական քաղաքական դաշտի փլուզմանն ու փոշիացմանը: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարան» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Միեւնույն ժամանակ նկատվում է անմիջական ժողովրդավարության նոր արտահայտությունների` քաղաքացիական շարժումների վերելք, որն իրական նախադրյալներ է ստեղծում նոր որակի ներկայացուցչական մարմինների եւ քաղաքական դաշտի ձեւավորման համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ արտերկրում բնակվող հայությունը շատ շուտով կանգնելու են բախտորոշ ճամփաբաժանի առջեւ, այն է`
ա) հանդուրժել վարչախմբի պարագլխի ղեկավարությամբ ձեւավորվող մենատիրական քրեապետությունը` հայտնվելով պետականությունն ու հայրենաբնակ հայությունը կորցնելու անխուսափելի եւ մոտալուտ հեռանկարի առջեւ, կամ
բ) մասնակցել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի` ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձեւավորման գործընթացին:
Գիտակցելով պահի լրջությունը, Նախախորհրդարանը կոչ է անում ոչ միայն մերժել հանցավոր համակարգի կյանքը երկարաձգող ու քրեաօլիգարխիկ վարչախմբին լեգիտիմացնող չընտրությունները, այլեւ համախմբվել վերոնշյալ այլընտրանքային քաղաքական գործընթացի շուրջ:
Այս նպատակով Նախախորհրդարանը, որպես ժողովրդի ինքնակազմակերպման հերթական գործնական քայլ, փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյակի օրը, ժամը 18:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու է հավաք:
Հավաքի ընթացքում նախատեսվում է.
ա) ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները,
բ) սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակները կազմելու գործընթացը,
գ) պատասխանել քաղաքացիներին հետաքրքրող հարցերին»,- նշել են հայտարարության հեղինակները:




























