Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի նախկին ղեկավար Մեգիս Կարդավային նոր մեղադրանք են ներկայացրել 2011թ. սեպտեմբերին գնդապետ Սերգո Տետրաձեի մահվան գործով, նշվում է Վրաստանի Գլխավոր դատախազության հունվարի 16-ի հաղորդագրությունում:
Սերգո Տետրաձեն 2011թ. սեպտեմբերին ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով եւ սեպտեմբերի 19-ին նախնական կալանքի դատապարտվել: Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ նա մահացել է №18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունում՝ սիրտ-անոթային անբավարարվածությունից եւ սրտի իշեմիկ հիվանդությունից:
«Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Գլխավոր դատախազությունը սկսել էր Տետրաձեի մահվան հանգամանքների հետաքննությունը եւ պարզել, որ նա մահացել է կտտանքների ենթարկվելու հետեւանքով: Նոյեմբերի 18-ին կտտանքների ենթարկելու վերաբերյալ մեղադրանքներ էին ներկայացվել Գլդանի թիվ 8 բանտի տնօրեն Ալեքսանդր Մուխաձեին, որը, ըստ դատախազության տվյալի, Սերգո Տետրաձեին իր մեքենայով մի քանի ժամով տարել է ռազմական ոստիկանություն, որտեղ վերջինիս ֆիզիկական անարգանքներ են հասցրել:
Հունվարի 14-ին Վրաստանի Գլխավոր դատախազությունը Մեգիս Կարդավային մեղադրել էր սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներով գործակալների ցանցի ստեղծման եւ նրանց մասնակցությամբ հայտնի անձանց անձնական կյանքից ձայնագրություններ հավաքելու մեջ:
Այժմ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Մեգիս Կարդավայի նկատմամբ խափանման միջոցի հարցը: Կարդավան խորհրդարանական ընտրություններից հետո լքել էր երկիրը:





























