Հայաստանի գլխավոր դատախազությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրախախտման մասին ոչ մի դիմում առանց քննարկման չի թողնի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով դատախազների եւ փաստաբանների համար եռօրյա սեմինարի բացման ժամանակ: Սեմինարն անցկացնում է ԵԱՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանության մասնակցությամբ եւ ԵՄ ֆինանսական աջակցությամբ՝ սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում:

Աղվան Հովսեփյանն այդ առումով հատուկ ընդգծել է դատախազության աշխատանքի թափանցիկությունն ու հիշեցրել, որ այլ երկրների փորձի ուսումնասիրման օգնությամբ բողոքների հաշվառման մեխանիզմ է ստեղծվել: Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր քննարկված բողոքները եւ դրանց վերաբերյալ կայացված որոշումները (ավելի քան 200) տեղադրված են դատախազության կայքում:

Այս համատեքստում նա նշել է լրատվամիջոցների դերը, նկատելով, որ նշված 200 հաղորդագրություններից շուրջ 90-ը հրապարակվել են մամուլում: «Առաջիկա նախագահական ընտրություններում չի լինի որեւէ բողոք, որը մնա առանց քննարկման»,-վստահեցրել է Աղվան Հովսեփյանը: