Վանաձոր քաղաքի «Թթուջուր» կոչվող տարածքում գտնվող ցայտաղբյուրը՝ որից բնական բուժիչ հանքային ջուր է հոսում, կրկին կոտրել են: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երկու ցայտաղբյուրներից մեկից ջուր ընդհանրապես չի գալիս, իսկ գործող ցայտաղբյուրը չպարզված անձինք տապալել են գետնին: Թե ովքեր են այս վայրագության հեղինակները, ոչ ոք չգիտի, սակայն վանաձորցիների համար զարմանալի է քաղաքապետարանի անտարբերությունը քաղաքի տեսարժան ու մարդաշատ այս վայրի նկատմամբ:
«Քաղաքապետարանը լավ գիտի, որ Վանաձորը հայտնի է նաեւ իր թթու ջրով, ջուր, որից միայն էստեղ կա, բայց քանի օր է ջարդել են, իսկ քաղաքապետարանը թքած ունի»,-մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են տարածքում գտնվող քաղաքացիները, մատնացույց անելով թե՜ կոտրված ցայտաղբյուրները, թե՜ տարածքից քիչ հեռու գտնվող ու ամբողջովին բեռնված աղբարկղերը: Բուժիչ բնական այս հանքային ջուրը մի շարք ընկերություններ օգտագործում են նաեւ կոմերցիոն նպատակներով, սակայն նրանց նույնպես ցայտաղբյուրի վիճակը կարծես չի հուզում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Էդիկ Հովսեփյանն ասաց, որ թեեւ տարածքը «քաղաքինը չէ» (քանի որ գտնվում է ինչ-որ գործարանի տարածքում), բայց իրենք գարնանը կվերականգնեն կոտրված ցայտաղբյուրը:
Մինչ քաղաքապետարանը սպասում է գարնան գալուստին, տեղեկացնենք, որ «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր արդեն վերականգնել են վնասված ցայտաղբյուրը, տնօրենի հանձանարականով բանվորները մաքրել են նաեւ տարածքի սառույցն ու ձյան շերտը, չսպասելով նույն այդ քաղաքապետարանի ասած գարնան գալուստին:







Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի





























