Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առայժմ մնում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը եւ նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի ներկա պահին չի սատարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մասն կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանը` հավելելով, որ քաղխորհրդի նիստերում քննարկում են այդ հարցը, սակայն դժվարացավ նշել, թե երբ վերջնական որոշում կհայտնեն:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու հավանականությանը, ապա Մանուել Գասպարյանը նշեց, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումներից ավելի հստակ բաներ կպարզվեն, բայց առայժմ մնում են ՀԱԿ-ի քաղաքական հայտարարության շրջանակում:
Անդրադառնալով Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ծրագրին, նա նշեց, որ այսօրվա ՀԱԿ քաղխորհրդի նիստում նման հարց չի բերվել: Մանուել Գասպարյանը նկատեց, որ ճգնաժամ տիրում է ողջ քաղաքական դաշտում, երեք քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրություններին, նրանց ընտրազանգվածը մնացել է խաղից դուրս, իսկ Կոնգրեսում ճգնաժամը տարաձայնությունների տեսքով է, գուցե դա հարթվի, գուցե նոր անելիքներ ծնվեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ազատվելուն, որի մասին ըստ լրատվամիջոցների, առաջարկել է Պետրոս Մակեյանը, Մանուլ Գասպարյանը շեշտեց, որ պետք չէր այդ ամենը հանրային քննարկման առարկա դարձնել, նախ պետք էր դա քննարկել ՀԱԿ քաղխորհրդի նիստերում: «Քաղխորհրդի նիստերին միգուցե անձամբ նման դիրքորոշում հայտնել է, բայց որեւէ անգամ ես չեմ լսել կուսակցության կողմից նման դիրքորոշում: Ես մի փոքր ժամանակից առաջ ընկնել եմ համարում, այդ ամենը միգուցե փորձեր խոհանոցային քննարկման շրջանակում բարձրաձայնել, հետո մամուլում հայտարարություն անել»,- ասաց Մանուել Գասպարյանը:
Խոսելով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի` ՀԱԿ համակարգողի ինստիտուտը վերացնելու եւ ՀԱԿ քաղխորհրդի նիստերը ռոտացիոն սկզբունքով կուսակցություններից մեկի վարելու առաջարկի մասին, նա նշեց, որ վերջինն իր համար ընդունելի ձեւ է, սակայն ոչ ՀԱԿ համակարգողի ինստիտուտը վերացնելը: «Ո՞նց կարող է կուսակցություններից ստեղծված դաշինքը չունենա իր համակարգողը: Ինչպես պիտի լինի, հավաքվել ենք, ամեն մեկը մի երգ է ասում, բա ո՞վ է օրակարգը ձեւավորում, վարում»,- ասաց նա:





























