Ռուսաստանի Կրոսնոյարսկի մարզում անհայտ անձինք գողացել են Ֆիլիպ Կիրկորովի եւ Տրոֆիմի համերգի տոմսերով լի պայուսակը: Գողերը ձերբակալվել են տաք հետքերով:

26 եւ 27 տարեկան երկու երիտասարդները որոշել էին կաղոպտել 53-ամյա կնոջը, իմանալով, որ նա Կրասնոյարսկի ֆիլհարմոնիայի տոմսավաճառն է եւ նրա մոտ միշտ մեծ գումար է լինում: Նրանք այցելել են կնոջ տուն եւ, որպեսզի կասկածի տեղիք չտան, ներկայացել էին որպես ներքեւի հարկի հարեւաններ եւ հայտարարել, որ իրենց մոտ կաթում է:

Երբ տանտիրուհին բացել էր դուռը, կողոպտիչները ներխուժել էին բնակարան, հատակին տապալել կնոջը եւ վերցրել պայուսակը, որտեղ եղել է Կիրկորովի եւ Տրոֆիմի համերգի 400 տոմս, ինչպես նաեւ երկու բջջային հեռախոս եւ մի քանի բանկային քարտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կինն անմիջապես դիմել էր ոստիկանություն եւ հայտնել, որ ճանաչել է հարձակվողներից մեկին. նա իր հեռավոր ազգականի կողակիցն է:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործները շուտով ձերբակալվել են: Գողացված բոլոր իրերն առգրավվել են: