Զուգդիդում ՆԳՆ-ի նախկին պաշտոնյա Թենգիզ Գունավային Սամեգրելոյի եւ Զեմո Սվանեթիի նահանգապետ նշանակելու որոշմանը դեմ բողոքի ցույցի մասնակիցները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «քաղաքական թաղումն» են կազմակերպել:

Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալի՝ թատերականացված ակցիայի մասնակիցները քաղաքով տարել են գլխի փոխարեն Սահակաշվիլիի լուսանկարը կրող մանեկենով դագաղ, հետո մանեկենը տեղադրել են նահանգապետարանի շենքի մոտ: Բողոքի ցույցի մասնակիցները հեռուստաալիքին հայտնել են, որ Վրաստանի նախագահը պետք է հրաժարական տա, քանի որ նա արդեն «քաղաքական դիակ է», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հունվարի 17-ին Միխայիլ Սահակաշվիլին հայտնել էր ՆԳՆ-ի նախկին պաշտոնյա Թենգիզ Գունավային Սամեգրելոյի եւ Զեմո Սվանեթիի նահանգապետ նշանակելու որոշման մասին: Երկրում «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Գունավայի դեմ երկու քրեական գործ էր հարուցվել: Նախքան դատը նա գրավի դիմաց ազատ է արձակվել: