2013թ. Հայաստանի պաշտպանության նախարարության առաջնահերթություններից մեկը կշարունակի մնալ հանրության աչքում սպայի դերի եւ հեղինակության բարձրացման հարցը: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, նախորդ տարում հատուկ ուշադրություն է դարձվել սպայական կազմի համալրմանը. ԶՈՒ շարքերը համալրել է 700 սպա: «Դա խոսում է այդ հարցի հանդեպ լուրջ ուշադրության մասին»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Ընդ որում՝ ռեզերվ էր ուղարկվել կամ այլ պաշտոնների տեղափոխվել 325 մարդ, այդ թվում՝ յոթ գեներալ եւ 35 գնդապետ: «Հատուկ ուշադրություն կդարձվի սպայի պատիվն արատավորողների հարցին», - վստահեցրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Ըստ նախարարի՝ բոլոր ջանքերը կուղղորդվեն ԶՈՒ-ի շարքերում կոռուպցիան արմատախիլ անելու համար: Կատարված աշխատանքի շնորհիվ արդեն զգալի հաջողություններ են գրանցվել այնպիսի բացասական երեւույթի բացառման հարցում, ինչպիսին է կաշառքով նախընտրած վայրում ծառայելը, նաեւ՝ գնումների կազմակերպման բնագավառում: Բացի դրանից, նախորդ տարվանից Հանրապետությունն ակտիվ մասնակցում է կոռուպցիայի վերացման միջազգային նախաձեռնությանը:





























