Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է պատժել լրատվամիջոցներին ոչ միայն հրապարակումներում անպարկեշտ արտահայտությունների, այլեւ՝ անգլերեն արտահայտությունների համար: Այս մասին նա լրագրողներին հայտարարել է մամուլում հայհոյանքների մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուսական հեռուստա եւ ռադոալիքների եթերում երբեմն այնպիսի բառեր են հնչում, որոնք «նույնիսկ փողոցային թափթփուկները երբեք չեն օգտագործում»: «Պետք է պահպանել ռուսաց լեզվի հարստությունը, մենք հիասքանչ լեզու ունենք»,-նշել է քաղաքական գործիչը, հաղորդում է KM.RU-ն:
Ռուսաստանի պետական դուման առաջին ընթերցմամբ պատրաստվում է քննարկել հիշյալ օրինագիծը, որը 20-200 հազար (260 հազար դրամից մինչեւ 2,6 մլն դրամ) ռուբլի տուգանք է նախատեսում այն իրավաբանական անձանց համար, ովքեր լրատվամիջոցներում ոչ նորմատիվ արտահայտություններ թույլ կտան:
Միաժամանակ, եթե ուղիղ եթերի ժամանակ նման բան թույլ տա հաղորդման հյուրը, կտուգանվի արդեն նա: Նոր օրենքով ֆիզիկական անձինք կտուգանվեն 2-3 հազար ռուբլի (26-40 հազար դրամ):
Մի քանի տարի առաջ Ժիրինովսկին առաջարկել էր սահմանափակել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով արտասահմանյան երաժշտության հեռարձակումները, իսկ Սանկտ Պետերբուրգը վերանվանել Պետրոգրադ, դրանով քաղաքացիների մոտ բարձրացնելով հայրենասիրության զգացումը:




























