Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքն օգտագործելու կանոնները։ Ինչպես հայտնել է Vesti.Az-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, օրենքով սահմանվել է օդային տարածքի սահմանային գոտի՝ 25 կմ լայնությամբ, որն ունի հատուկ օգտագործման կարգ։
Անդրադարձ կա նաեւ երկրի օդային տարածքում արգելված գոտիներ եւ սահմանափակ թռիչքային գոտիների ստեղծման հնարավորության մասին։ Երկրի օդային տարածքից օգտվելու կարգի խախտումներ են համարվում առանց հարցման, առանց համապատասխան օպերատիվ մարմնի թույլտվության, թռիչքների կառավարման կենտրոնի կամ հետապնդող կործանիչի հրահանգներին չհետեւելու, ինչպես նաեւ արգելված գոտիներում թռիչքների կամ սահմանափակ թռիչքների գոտում առանց հատուկ թույլտվության թռիչքները։
Անձնակազմի կողմից հարկադրաբար վայրէջքի հրամանները չկատարելու դեպքում եւ սրահում այդ գործողությունների հետ կապ չունեցող ուղեւորների գտնվելու մասին հավաստի տվյալներ չունենալու դեպքում թույլատրվում է ոչնչացնել կարգը խախտողին։
Այդկերպ Ադրբեջանի իշխանությունները փորձել են «օրինականացնել» Ստեփանակերտ ուղեւորվող օդանավերի հանդեպ ոտնձգությունները։ Թե ինչպես պետք է համոզեն համաշխարհային հանրությանը, որ խաղաղ օդանավերի դեմ կիրառված միջոցները «համարժեք» են, այդքան էլ հասկանալի չէ։ Հավանաբար Ադրբեջանի ղեկավարությունը հույս ունի հաջողության հասնել այն նույն միջոցներով, որով մարդասպան Ռամիլ Սաֆարովը տուն ուղարկվեց եւ ազգային հերոսի կարգավիճակում հայտնվեց։





























