Ադրբեջանական կողմը դեռ չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծել ղարաբաղյան հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործունեության հարցը։ Նրա կարծիքով՝ ամեն անգամ միջնորդների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ձգձգում են հակամարտության լուծումը ընտրությունների պատրվակով՝ նախ համանախագահող երկրներում, ապա, ինչպես այս տարի՝ Հայաստանում եւ Ադբեջանում։
«Բահար Մուրադովի խոսքերը հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի Հանրապետությունն, ի դեմս իր նախագահի, տրամադրված չէ լուծել ԼՂ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս-Կաբոսում համատեղ հայտարարություններում արտահայտած առաջարկների հիման վրա:
Այսպիսով, Ադրբեջանը նույնիսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետության մասին կարծիք ձեւավորել եւ հող նախապատրաստել տվյալ ձեւաչափից հրաժարվելու համար։ Սա արդեն երկրորդ նման փորձն է. առաջինը, որ անհաջող ավարտ ունեցավ, կապված էր Ռամիլ Սաֆարովի ազատման եւ նրա հերոսացման հետ։ Այդ փորձը չհաջողվեց, դրան հաջորդում է երկրորդը։ Մնում է միայն շնորհակալ լինել Բահար Մուրադովին, որ նա հերթական անգամ պարզ արտահայտեց իրենց կողմի նման դիրքորոշումը», – ասել է Գեղամյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Խորհրանրանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա փետրվարի 21-22-ին՝ Վիեննայում։





























