Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 18-ին, այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Նա, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնը փաստացի գործունեություն է իրականացնում 2012թ. հունիսից՝ նպատակ ունենալով ապահովել հարկային եւ մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման, հատուկ ուսուցման եւ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքները: Նախագահը շրջայց է կատարել մասնագիտացված լսարաններում, ծանոթացել կենտրոնում ստեղծված պայմաններին, ուսումնական ծրագրերին, գործնական դասընթացների արդյունքներին: Հանրապետության նախագահին այստեղ ցուցադրել են նաեւ մաքսային ծառայողի նոր համազգեստը:

Մաքսային ծառայության ուսումնական կենտրոնից Սերժ Սարգսյանը մեկնել է ՀՀ ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչություն, որտեղ շրջայցի ընթացքում նրան ներկայացրել են հարկային այդ ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայություններն ու էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման մեխանիզմը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ հարկային պարտավորությունների հաշվառման վիճակին, հարկային հաշվառման թղթային կրիչներից էլեկտրոնայինին անցման ամբողջ գործընթացին:

ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումներում շրջայցը ՀՀ նախագահն ավարտել է Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության ուսումնական կենտրոնում, որի պայմաններին ծանոթանալուց հետո, աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է 2013թ-ի առաջնահերթություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով ընթացիկ տարում շարունակվելու են ՊԵԿ աշխատանքները: Նախագահին զեկուցվել են նաեւ ՊԵԿ գործունեության արդյունքները, 2012թ. ընթացքում իրականացված բարեփոխումները:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե իր նախորդ այցի արդյունքում տված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների, համակարգում կատարված լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ եւ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրել ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների:

«Նախ, ուզում եմ ասել, որ ինձ համար շատ հաճելի էր տեղերում ծանոթանալ այն առաջընթացին, որ ՊԵԿ-ը գրանցել է ու նաեւ, իհարկե, այս խորհրդակցությանը մասնակցել, ձեզ հետ միասին ամփոփել 2012թ. արդյունքներն ու նախանշել այն խնդիրները, որ մենք միասին պետք է իրականացնենք 2013թ.: Միանգամից պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ՝ ՊԵԿ-ը հիմնականում կատարել է 2012թ. իր առջեւ դրված խնդիրները: Խոսքն այստեղ միայն պետական եկամուտների հավաքագրմանը չի վերաբերում, թեեւ դա, բնականաբար, ունի շատ կարեւոր նշանակություն: Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին շատերը խոսում, որ անհնար է մեկ տարվա ընթացքում եկամուտներն ավելացնել 101 մլրդ դրամով: Բայց, փառք Աստծո, նաեւ այս անգամ այդ փլուզում գուժող մարդկանց ասածները չիրականացան, եւ դուք կարողացաք կատարել այդ ցուցանիշը: Դրա հետ զուգահեռ նաեւ իրականացվեցին բարեփոխումներ, որոնցից շատերի մասին մենք լսեցինք, ծանոթացանք դրանց: Իմ կարծիքով, այդ բարեփոխումների ամենից օբյեկտիվ գնահատականը երկուսն են. մեկը՝ Համաշխարհային բանկի Doing busieness ցուցանիշն է: Այդ վարկանիշային աղյուսակում, որտեղ դուք գիտեք նաեւ ձեր եւ ոչ միայն ձեր աշխատանքի շնորհիվ մեր երկիրը մեծ առաջընթաց արձանագրեց, մենք այսօր 32-րդ տեղում ենք, ինչը բավականաչափ համեստ, բայց լավ ցուցանիշ է: Եվ երկրորդ՝ հարկ վճարողների մոտ այս ժամանակահատվածում ինչ-որ բան է փոխվել»,-ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կարեւորել է նաեւ ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ հարկ վճարողների վերաբերմունքի, տարիներ ի վեր ձեւավորված ոչ բարյացակամ մթնոլորտի փոփոխության դրական միտումները եւ համագործակցությունը. «Սա շատ մեծ ցուցանիշ է: Եվ պետք է ասեմ, որ ընդհանրապես մեր երկրի մթնոլորտի, բարոյական մթնոլորտի վրա այս պրոցեսի ազդեցությունը չափազանց մեծ է: 2013թ. համար պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, մուտքերի հավաքագրման պրոցեսը լարվածությամբ, իհարկե, զիջելու է 2012թ., թեեւ իմ ասածը չի նշանակում, որ 2012թ. հավաքագրումները հեշտ գործ էին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով 2013թ. ՊԵԿ-ի կողմից իրականացվելիք աշխատանքների մասին՝ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ լարվածություն առաջին հերթին լինելու է համակարգի աշխատակիցների աշխատանքում եւ այն ծրագրերի իրականացման գործում, որը նրանք այսօր ներկայացրեցին: «Անկեղծ ասած, ես խիստ բավարարված եմ այն աշխատանքով, որ կատարվել է: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի դուք ձեր աշխատանքի տեմպը դանդաղեցնեք, այլ նրա համար, որպեսզի ուրիշների համար սա լինի որպես օրինակ: Ես, իրոք, շատ ուրախ կլինեմ, եթե մեր պետական կառավարման համակարգում ձեր արածի գոնե 80 տոկոսն արվեր՝ այս ամբողջ պրոցեսները ժամանակակից հիմքերի վրա դնելու առումով: Սա շատ կարեւոր խնդիր է: Շատ: Սա մեր պետության ապագայի խնդիրն է, մեր տնտեսության ապագայի խնդիրն է: Սա մեր հեղինակության խնդիրն է»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը կարեւորել է սկսված բարեփոխումները նույն տեմպով շարունակելու եւ համակարգը գրագետ, կազմակերպված ու իրենց գիտելիքները պետության զարգացման համար ներդնելու պատրաստ, օրինակելի պետական ծառայողներով համալրելու գործընթացը:

Նախագահը շեշտել է, որ եթե այսօր չի ցանկանում խոսել համակարգի խնդիրների, թերությունների մասին, ամենեւին չի նշանակում, թե դրանք չկան: Սակայն, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, եթե տեսանելի է համակարգի ինքնամաքրվելը, եթե տեսանելի է, որ ցանկություն կա աշխատանքի որակը բարձրացնելու, եւ այդ աշխատանքում կա առաջընթաց, որը համապատասխանում է առաջադրված խնդիրներին, ուրեմն առաջին հերթին պետք է դա գնահատել: Նախանշված ծրագրերի իրականացման գործում Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին: