Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հունվարի 18-ին, «Հայկան» ամենամյա մրցանակի հանձնման արարողության ժամանակ հատուկ մրցանակներ է հանձնել մրցույթի 4 դափնեկիներին: «Երիտասարդական ոլորտում առավել մեծ ներդրում ունեցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում մրցանակը բաժին է հասել «Կոնրադ Ադենաուերի հիմնադրամին», «Երիտասարդության մեջ մշակութային արժեքներն առավել լավ ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:

Բացի այդ, «Երիտասարդության հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» անվանակարգում մրցանակի է արժանացել Հա առաքելական եկեղեցու Արարատյան թեմի «Արարատ» հոգեւոր ընկերակցությունը: Հատուկ մրցանակ է ստացել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը՝ «Հայաստանի Հանրապետությունում ուսանողական շարժման ակունքներում կանգնած կառույց» անվանակարգում:

Բացի այդ, երիտասարդական քաղաքականության ոլորտում ձեռքբերումների համար «Հայկան» մրցանակի դափնեկիրներ են դարձել Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ-ն, «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ» միջազգային ծրագիրը, Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողական խորհրդի սոցիալապես անապահով ուսանողների սննդով ապահովելու ծրագիրը, «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ն, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի «Դասավանդում եւ բրյուսովցիներ» միջբուհական ծրագիրը, «Ակադեմիական համագործակցության եւ օգնության հայկական ասացիացիան»: Երիտասարդության շրջանում լավագույն գիտական ձեռքբերման համար մրցանակն ստացել է Արմեն Սարգսյանը:

Ինչպես հայտնել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, հայտ ներկայացրած կազմակերպությունների միջեւ մրցակցությունը մեծ է եղել: «Ընդհանուր առմամբ՝ «Հայակ» մրցանակի համար պայքարել է մոտ 50 կազմակերպություն եւ երբեմն մեզ համար բարդ էր որոշել ամենաակտիվ եւ արժանի հավակնորդներին: Այստեղ մեզ օգնության էին գալիս ժյուրիի խիստ չափանիշները, որոնք էլ օգնեցին ընտրել 12 հաղթողներին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Հայակ» ամենամյա մրցանակաբաշխությունն ուղղված է ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվության խթանմանը, երիտասարդությանը գիտության, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ այլ ոլորտներում երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավելուն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am