2012 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4,8 տոկոսով կամ 796 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սպանության եւ սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 18-ին, Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

2012 թ. ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում աճել է բացահայտման արդյունավետությունը:

Անցյալ տարվա ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգություն է ապահովվել Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես եւ զանգվածային միջոցառումների ընթացքում:

2012 թվականին կարեւորվել է համայնքային ոստիկանության գործընթացը: Երեւան քաղաքում արդեն գործում է 11 հենակետ, իսկ այս տարվա նոյեմբերից համայնքային ոստիկանությունը կներդրվի նաեւ հանրապետության մարզերում:

Հետեւողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը. կարգապահական տույժի է ենթարկվել 1129 ծառայող, որոնցից 73-ն ազատվել է ոստիկանությունից, իջեցվել է 10 ծառայողի պաշտոնը: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 42 քրեական գործ, դատապարտվել է 16 ծառայող:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր ելույթում դրական է գնահատել անցած տարում ոստիկանության կատարած աշխատանքը:

2012 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները եւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրել են ոստիկանության կենտրոնական ապարատի, տարածքային ստորաբաժանումների, մարզային վարչությունների ղեկավարները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին՝ վերլուծել է ստորաբաժանումների աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները:

Նա գոհունակություն է հայտնել, որ հաղթահարվում են հանցագործությունը գրանցումից թաքցնելու, խորթ մեթոդներով քննություն վարելու արատավոր պրակտիկան եւ մի շարք այլ բացասական երեւույթներ, որոնք խախտում են հասարակության հավատը ոստիկանության հանդեպ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանն իր գնահատականն է տվել 2012 թվականի արդյունքներին եւ նախանշել առաջիկա անելիքները: