Հունվարի 18-ին, ժամը 13.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 2012 թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանը բացելով, մորեղբորորդու՝ իրեն ի պահ հանձնված տնից, գողացել են 300.000 դրամ, հեռուստացույց, «Նոութբուք» համակարգիչ եւ մորեղբորորդու անվամբ գրանցված «ԻԺ-17» տիպի մեկփողանի որսորդական հրացանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 17-ամյա Սամվել Շ.-ին: Նա խոստովանել է, որ հունվարի 8-ին նշված տնից գողացել է 300.000 դրամ եւ որսորդական հրացանը, իսկ հունվարի 13-ին՝ հեռուստացույցը եւ «Նոութբուք» համակարգիչը:
Գողացված հեռուստացույցը եւ որսորդական հրացանն առգրավված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Սամվել Շ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:





























