Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Պարոն Նախագահ, Հայաստանը իր հետխորհրդային շրջանի պատմության ընթացքում միշտ դժվարություններ է ունեցել ընտրություններ անցկացնելու ժամանակ։ Չեն քննադատվում միայն առաջին նախագահական ընտրությունները: Եվ այդ ընտրություններից հետո յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, փաստորեն, քննադատության է ենթարկվել միջազգային եւ տեղական դիտորդների կողմից։ Ընդդիմությունն էլ հրաժարվել է ընդունել այդ ընտրությունների արդյունքները: Հիմա Հայաստանին օդի նման անհրաժեշտ են մաքուր, ազատ եւ արդար ընտրություններ, ինչպե՞ս եք դա ապահովելու։ Ինչպե՞ս եք երաշխավորելու այնպիսի ընտրություններ, որ Եվրոպան, Արեւմուտքը եւ ամենակարեւորը՝ մարդիկ, ընդունեն դրանց արդյունքները:

Հայաստանում ընտրությունների ընթացքում դժվարություններ եղել են ոչ միայն հետխորհրդային տարիներին: Չեմ կարծում, որ խորհրդային տարիներին Հայաստանում իդեալական ընտրություններ էին անցկացնում, սա` մեկ: Եվ երկրորդ՝ միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին ընտրությունները՝ ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները: Հարցի շարադրման ձեւի հետ չհամաձայնելով՝ պիտի ասեմ, որ, այո՛, մենք ուղղակի պարտավոր ենք բարձրացնել շեմը: Մենք մշտապես աշխատել ենք, որ անցկացնենք այնպիսի ընտրություններ, որոնք ավելի մեծ վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին, եւ կարծում եմ, որ 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ավելի շատ դրական, քան բացասական արձագանքներ ունեցան, իսկ սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գնահատվեցին որպես եվրոպական չափանիշներին ամբողջովին համապատասխանող: Մենք 2012 թվականի այս ձեռքբերումները համարում ենք նվազագույն շեմ 2013 թվականի ընտրություններն անցկացնելու համար: Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անցկացնել այդպիսի ընտրություններ, որովհետեւ այդպիսի ընտրություններ անցկացնելը առաջին հերթին բխում է մեր շահերից, այնուհետեւ մեր գործընկերների շահերից: Շատ դեպքերում, որպեսզի արդարացվեն դժվարությունները կամ այն խնդիրները, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ, սկսում են խոսել այն մասին, որ մենք ընտրություններ չենք անցկացնում եվրոպացիների համար, այս մեկի համար, այն մեկի համար․․․ Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, եւ շատ ցանկալի ու նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը:

Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ Դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին Ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։

Շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու, եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը։

Պարոն նախագահ, հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները։ Այդ իմաստով էի ես հարցնում, այնուամենայնիվ՝ Դուք ունե՞ք Ձեր մրցակիցը։

Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է մրցակցային մթնոլորտ եւ մրցակցային դաշտ ստեղծելը: Խոսքս վերաբերում է թեկնածուների, քաղաքական ուժերի արտահայտվելու հնարավորություններին: Ես շատ ուրախ եմ, որ այն հաջողությունը, որ այս առումով մենք արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններին, հիմա արդեն իսկ, թեեւ դեռեւս պրոցեսի սկզբում ենք, ամրապնդվել է, որովհետեւ արդեն Երեւանի մամուլի ակումբը արձանագրեց, որ այն խնդիրները, որ եղել էին 2012 թվականի նախընտրական փուլում, այս փուլում գոյություն չունեն: Եվ մենք պետք է շարունակենք այս ոգով առաջ շարժվել: Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի։ Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, նախագահական ընտրությունները չեն սահմանափակվում միայն նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկություն անցկացնելով: Նախագահական ընտրությունները սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, որտեղ համապատասխան կուսակցությունը ներկայանում է տեղական ինքնակառավարման մարմիններում որպես ղեկավար կամ ավագանու անդամ, այնուհետեւ՝ խորհրդարանական ընտրություններում եւ ի վերջո՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Իհարկե, նրանց համար շատ դժվար է, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների 70 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցության անդամներ են, եւ որքան էլ փորձենք ասել, որ դա իշխանական ռեսուրսի օգտագործում է, ես դրա հետ չեմ կարող համաձայնել: Մարդիկ այնտեղ էլ քաղաքական պայքար են մղել եւ ղեկավար դիրք են ստացել: Իսկ ինչո՞ւ իրենց այդ ղեկավար դիրքը, ես նկատի ունեմ իրենց հեղինակությունը, եւ ոչ թե ակումբ տրամադրելու կամ չտրամադրելու հնարավորությունը, չպիտի օգտագործեն հանուն իրենց կուսակցության, կամ իրենց կուսակցության թեկնածուի հաղթանակը ապահովելու: Այստեղ, կարծում եմ, ժամանակ է պետք, որպեսզի մեր հանրության մեջ էլ հասկանան, որ անորոշությունից կամ անէությունից միանգամից գալ ասել՝ «ես նախագահ եմ դառնալու», մի քիչ դժվար է: Նախագահ են դառնում թիմով, նախագահ են դառնում անցած ճանապարհով, եւ ոչ թե իշխանություններին քննադատելով:

Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։

Դա իր որոշումն էր, եւ ես ուղղակի պարտավոր եմ հարգանքով վերաբերվել դրան:

Քանի որ այս մասին խոսք գնաց՝ հանդիպումներ ու խորհրդակցություններ ունենո՞ւմ եք առաջին եւ երկրորդ նախագահների հետ։ Եվ եթե ունենում եք, ի՞նչ հարցերի շուրջ են լինում Ձեր քննարկումները։

Ես կարծում եմ, որ ոչ միայն առաջին երկու նախագահների, այլ նաեւ շատ թե քիչ հայտնի մարդկանց նպատակն է, որ մենք ունենանք ավելի լավ Հայաստան, ուղղակի մեզանից յուրաքանչյուրը երեւի սեփական լուծումն ունի այդ խնդրի: Ուստի այդ հանդիպումները, քննարկումները, թեեւ ոչ ուղղակիորեն, կարծում եմ, մշտապես առկա են մեր հասարակության մեջ: Մի անգամ դրանք կարող են դրսեւորվել հայտարարությունների տեսքով, մյուս դեպքում՝ հարցազրույցների տեսքով: Մշտապես այդ դրսեւորումները կան, եւ փառք Աստծո, որ կան: Իհարկե, շատ լավ կլիներ, որ բոլոր նախկին ղեկավարները ինչ-որ մի առիթով հավաքվեին, փորձեին, միգուցե, արդեն ոչ հրապարակային որոշակի քննարկումներ անցկացնել, խոսել եւ այլն, բայց ինչպես ասում են՝ հույսը լավ բան է: Հուսով եմ, որ կլինի մի ժամանակ, երբ որ ոչ միայն Հայաստանի նախկին նախագահները, այլ նաեւ վարչապետները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքով իրենց կյանքն են ներդրել այդ գործում, կարող են հավաքվել եւ հանգիստ, առանց իրար վիրավորելու քննարկել:

Պարոն Նախագահ, Հայաստանի ժամանակակից պատմության ընթացքում Մարտի 1-ը նշանավորվեց իբրեւ ընդդիմության եւ ընդդիմադիր ընտրազանգվածի նկատմամբ իշխանության կողմից բռնության կիրառման եզակի դեպքերից մեկը, երբ զոհվեցին անմեղ մարդիկ։ Դուք ինքներդ էլ, հավանաբար, ծանր տարաք այդ ամենը։ Հիշում եմ Ձեր առաջին հարցազրույցներից մեկը այդ մասին․․․ Նույնիսկ որոշ ենթադրություններ կային, որ չէիք ուզում ստանձնել իշխանության ղեկը։ Ձեր ծրագրային ելույթում, պարոն Նախագահ, Դուք նշեցիք, որ Ձեր պաշտոնավարության օրոք վերացվեց անհանդուրժողականության մթնոլորտը, որ չկա այլեւս այն մթնոլորտը, երբ ընդդիմադիր խոսքը դիտվում էր իբրեւ հայրենիքի դավաճանություն։ Հիմա՝ այն, ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին, ըստ էության, այդ ժամանակների անհանդուրժողականության դրսեւորում էր։ Նայելով այդ ոչ վաղ անցյալի ողբերգությանը՝ Դուք ի՞նչ խոհեր ունեք, որ կցանկանայիք կիսել մեր ունկնդրի եւ մեր հեռուստադիտողի հետ։ Ինչպիսի՞ ջանքեր կգործադրեիք, որ նման բան չկրկնվեր մեր իրականության մեջ։ Եվ ամենակարեւորը՝ Դուք եթե առիթ ունենայիք, ի՞նչ կասեիք Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Ես հերքում եմ այն ասեկոսեները, որ ես նույնիսկ մտածել եմ չստանձնել իշխանության ղեկը, որովհետեւ դա կլիներ դավաճանություն, եւ ես երբեք պայքարի դաշտը դժվար ժամերին չեմ լքել: Կարծում եմ, որ Հայաստանում շատ եզակի քաղաքական դեմքեր էին, ովքեր բավարարված էին Մարտի 1-ի ընթացքով: Այո՛, անձնապես ես ծանր եմ տարել, բայց ես չեմ համարում, որ հասարակության, պետության կայունության միակ պատասխանատուն իշխանությունն է: Այո՛, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց երկրի կայունության, երկրում տիրող ազատության, հանգիստ մթնոլորտի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պրոբլեմները, անհաջողությունները մշտապես փորձում են պայմանավորել իշխանությունների գործունեությամբ, որոնց համար մշտապես մեղադրում են իշխանություններին: Դուք ասացիք անհանդուրժողականության պակասի մասին, ես կավելացնեմ խոսքի ազատության, արտահայտվելու գրեթե 100 տոկոս ազատության մասին: Սրանք միջոցներ են, որոնք պակասեցնում են անհանդուրժողականությունը երկրի ներսում, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս պրոցեսները լինեն անշրջելի, թեեւ նույնիսկ ավանդույթներ ունեցող պետություններում այս վտանգը առկա է: Ուստի նորից եմ կրկնում՝ բոլոր քաղաքական ուժերը իրենց պետք է պատասխանատու զգան կայունության համար, եւ իրենց պետք է պատասխանատու զգան նաեւ արդյունքների համար: Եվ ինչքան քիչ լինի անհանդուրժողականությունը, այնքան քիչ կլինեն արկածախնդիրներ, ովքեր կփորձեն այդ անհանդուրժողականությունը օգտագործել սեփական շահերի համար: Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային: Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք: Սա ես չեմ ասում պայմանով, որ եթե ուրիշներն էլ ասեն՝ մենք մեղավոր ենք, իմ ասածը ճիշտ կլինի: Ո՛չ: Եթե իրենք համարում են, որ իրենք մեղավոր չեն, ի վերջո նրանք էլ են միայնակ մնում, նրանք էլ են խոսում իրենք իրենց հետ, նրանք էլ են ի վերջո պատասխանատու իրենց խղճի առջեւ: Այնպես որ՝ թող խորհեն: Ես համարում եմ, որ բոլորս էլ մեղավոր ենք: Եթե մենք մեզ համարում ենք մեր կյանքի ընթացքի վրա ազդեցություն ունեցող մարդիկ, ապա եթե չենք կարողացել այդ վատը կանխել, ուրեմն բոլորս մեղավոր ենք: