Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղարը` Զոհրապ Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ այդ մասին Սամվել Բալասանյանը հայտարարել է իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` ի պատասխան լրագրողներից մեկի հարցին:

«Այո, պարոն Բալասանյանը հայտարարեց, որ սատարելու է գործող նախագահին` պարոն  Սերժ Սարգսյանին: Այդ որոշումը ավելի հիմնավոր դարձնելու համար պարոն քաղաքապետը մոտ օրերս համապատասխան հայտարարություն կանի»,- ասաց նա:

Հարցին,թե ինչպիսին է ԲՀԿ-ի վերաբերմունքը Սամվել Բալասանյանի որոշման նկատմամբ, նա նշեց, որ հակասություն պետք չի փնտրել: «Պարոն Բալասանյանը այսօրվա ասուլիսը հրավիրել էր որպես քաղաքապետ, եւառհասարակ ելույթներ ունենում է որպես քաղաքապետ, եւ երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելեց Գյումրին, գյումերցիներին նվիրեց տրակտորներ, այդ ժամանակ հրապարակային պարոն Բալասայանից պահանջեց, որ իր գործունեության ընթացքում բացառապես առաջանորդվի գյումրեցու շահերով եւ կուսակցական շահերը ստորադասի քաղաքի շահերին, այսինքն` ներկուսակացական, քաղաքական հարցերով չառաջնորդվի, այստեղ հակասություն չկա»,- ասաց Զոհրապ Եգանյանը` հավելելով, որ քաղաքական տեսանկյունից այդ ամենը դիտարկելը ճիշտ չէ:

Մեր դիտարկմանը, թե սա փոխահատուցում է ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իրեն սատարելու համար, մամուլի քարտուղարը նշեց, որ արգումենտացիաները հավելյալ հայտարարությամբ կներկայացվի, սակայն փոխադարձության հիման վրա խոսակցությունները եւ ենթադրությունները նա տեղին չհամարեց:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: ՀՀԿ-ն այդ ժամանակ սատարել է նրան: Դրանից հետո  դեկտեմբերի 2-ին կայանացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, որի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, սատարել է  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանին: