«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մեկնաբանում Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի` նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ որոշումը: Փոխարենը` նրանք սպասում են Սամվել Բալասանյանի` վերջինիս կողմից խոստացված հիմնավորումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
«Նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը միակն է, որը արդեն շուրջ մեկ ամիս է` հայտնի է բոլորին, այն է` թեկնածու չառաջադրել եւ չսատարել որեւէ թեկնածուի: Ինչ վերաբերում է պարոն Բալասանյանի դիրքորոշմանը, ապա որքան տեղյակ եմ, Գյումրիի քաղաքապետը ասել է, որ պատրաստվում է ներկայացնել իր որոշման հիմնավորումները եւ ճիշտ կլինի սպասել այդ հայտարարությանը»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա մամուլի քարտուղարը` Զոհրապ Եգանյանը: Հարցին,թե ինչպիսին է ԲՀԿ-ի վերաբերմունքը Սամվել Բալասանյանի որոշման նկատմամբ, նա նշել է, որ հակասություն պետք չի փնտրել: «Պարոն Բալասանյանը այսօրվա ասուլիսը հրավիրել էր որպես քաղաքապետ, եւառհասարակ ելույթներ ունենում է որպես քաղաքապետ, եւ երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելեց Գյումրին, գյումերցիներին նվիրեց տրակտորներ, այդ ժամանակ հրապարակային պարոն Բալասայանից պահանջեց, որ իր գործունեության ընթացքում բացառապես առաջանորդվի գյումրեցու շահերով եւ կուսակցական շահերը ստորադասի քաղաքի շահերին, այսինքն` ներկուսակացական, քաղաքական հարցերով չառաջնորդվի, այստեղ հակասություն չկա»,- ասել է Զոհրապ Եգանյանը` հավելելով, որ քաղաքական տեսանկյունից այդ ամենը դիտարկելը ճիշտ չէ: Մեր դիտարկմանը, թե սա փոխահատուցում է ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իրեն սատարելու համար, մամուլի քարտուղարը նշել է, որ արգումենտացիաները հավելյալ հայտարարությամբ կներկայացվի, սակայն փոխադարձության հիման վրա խոսակցությունները եւ ենթադրությունները նա տեղին չհամարեց:





























