Փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կայքերը  հնարավոր ապօրինի միջամտություններից պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ը իրականացնում է անվճար խորհրդատվություն «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից թեմայով:

«Կարեւորելով 2013 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կայքերը  հնարավոր ապօրինի միջամտություններից պաշտպանելու անհրաժեշտությունը, եւ հաշվի առնելով թեկնածուների նախընտրական շտաբերից ներկայացվող դիտարկումները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ը իրականացնում է անվճար խորհրդատվություն «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից թեմայով»: Խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ»,-նշված է Կենտրոնի անունից տարածված հաղորդագրությունում:

Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010.58.87.14 հեռախոսահամարին  կամ նամակներ ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» օժանդակությունից օգտվել են մի շարք կայքեր, այդ թվում՝ DDoS հարձակման ենթարկված iditord անկախ, միջազգային նախագիծը, որն արձանագրում էր ընտրական գործընթացում տեղ գտած խախտումները: