Ադրբեջանն իրեն պահում է  այնպես, ինչպես ցանկացած պարտված պետություն է խոսում պատերազմի մասին: Այս մասին այսօր Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասաց Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է նախընտրական  քարոզարշավը, եւ Ավանի ընտրողների հետ հանդիպումն առաջինն էր:

Պատասխանելով ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հարցին, Ս. Սարգսյանն  ասաց, որ գործընթացն արդեն սկսվել է, եւ որքան արագ այն ընթանա, այնքան լավ: Միժամանակ նա նշեց, որ ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից անհապաղ ճանաչելու կողմակիցը չէ, քանի որ դա կնշանակի, որ հայկական կողմը չի ցանկանում շարունակել բանակցությունները:

Բանակցությունների բացկայության դեպքում մեծ կլիներ պատերազմի վերսկսման վտանգը: «Դա մեր շահերից չի բխում: Պատերազմի ցանկացած ելքի դեպքում այն մեծ վնաս կհասցնի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին»,-հիշեցրեց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցությունների ճանապարհն է:

Նրա խոսքով, վերջին մեկուկես տարում բնակցությունները փոքր-ինչ պասիվ բնույթ են ստացել: Պատճառն այն է, որ 2011թ. ամռանը Ադրբեջանը մերժեց համանախագահների առաջարկները, որոնք նրանք մշակել էին  գրեթե 4 տարի: Այս կապակցությամբ Ս. Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները ատելություն եւ այլատյացություն են սերմանում: «Բայց արդյո՞ք պետք է ընդհատել բանակցությունները»: Ինչքան էլ Ադրբեջանում ասեն, որ Երեւանը «բնիկ ադրբեջանական հող է»,  Երեւանն այդպիսին չի դառնա:  Ըստ Հայաստանի նախագահի` ատելությունն առաջին հերթին վնասում է նրան, ով ատում  է: Միժամանակ նախագահը նշեց, որ որքան երկար շարունակվեն բանակցությունները, այնքան շատ Հայաստանը կակտիվացնի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am