Անհրաժեշտ է ամրապնդել իրականությունը, որի դեպքում ուժի դիրքերից հանդես գալը պարզապես ամոթ է: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր` հունվարի 21 -ին Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը կոչ արեց միասին գնալ դեպի արդար եւ ապահով Հայաստան, միասին ստեղծել լավագույն Հայաստանը, քանի որ մեր փոխարեն ոչ ոք դա չի անի: Անդրադառնալով իր կարգախոսին` «Դեպի ապահով Հայաստան», նախագահը նկատեց, որ  այդպիսին կարող է լինել միայն  արդար Հայաստանը, որտեղ գերակա է  լինելու օրենքի ուժը,  ոչ թե ուժի օրենքը:

Երկրի ղեկավարի խոեսքով` ոչինչ չի կարող այնպես հուսահատեցնել, ինչքան արդարության բացակայությունը: Պետք է հստակ հասկանալ,  որ յուրաքանչյուրը, ով հաղթահարում է հիասթափությունը, առավել վստահ է դառնում վաղվա օրվա նկատմամբ եւ այդ զգացմունքը փոխանցում է մյուսներին, նկատեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` օրենքի գերակայության հիմնական պատասխանատուն իշխանություններն են, սակայն առանց քաղաքացիական հասարակության մասնակցության այդ ձգտումը հնարավոր չի լինի կյանքի կոչել:

Անդրադառնալով Ոստիկանությունում աշխատանքի խնդիրներին, երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ այդ կառույցին կհաջողվի ամբողջովին ազատվել համակարգն արատավորող անձանցից: «Առաջիկա հինգ տարիներին ուշադրության կենտրոնում են լինելու դատական համակարգի զարգացումը, արդար դատարանների ձեւավորումը  եւ հասարակության կողմից դրա ընկալումը»,-նշեց Ս. Սարգսյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am