ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից համայցներ են կատարվել «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական եւ նախադպրոցական հիմնարկներում` հարցման միջոցով, բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի վատթարացման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` ժամը 1800-ի դրությամբ դեպքեր չեն արձանագրվել: Դիտարկվում է նաեւ պոլիկլինիկաներին եւ շտապ օգնությանը դիմողների թիվը: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մասնագետների կողմից հարակից բնակեցման տարածքներում եւ փակ շինություններում իրականացվում են օդի նմուշառումներ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով: Հարակից բնակելի տարածքներում նորմերի գերազանցում չի հայտնաբերվել: Բնակչության առողջական վիճակի մոնիթորինգը եւ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքում`«Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը, վիրավորել եւս մեկ անձ: Վանաձորի «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ն միավորում է երեք ձեռնարկություն` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմմանրաթելերի գործարանը եւ Վանաձորի ՋԷԿ-ը:  Գործարանի շահագործումն սկսվել էր 2005թ.` երկարատեւ դադարից հետո: Սեփականատերն է Բրիտանիայում գրանցված ռուսական «Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ» ընկերությունը: