Պետական գնումների ոլորտում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին
Հանձնաժողովի այսօրվա՝ հունվարի 22-ի նիստում ներկայացվեցին նաեւ մանկատների եւ ծերանոցների կողմից՝ սննդամթերքի, գույքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները:
Այս փուլում ուսումնասիրվել է 88 հաստատությունների կողմից հայտարարված ավելի քան 200 մրցույթների կազմակերպման գործընթացը: Պարզվել է, որ որոշ ընկերություններ՝ «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» եւ «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում այս 3 ընկերությունների կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները եւ կոնտակտային տվյալները: Առկա են նաեւ փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների եւ փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որեւէ մեկում: Օրինակ, «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչեւ 40%-ով բարձր գին: Նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։
Դեռեւս նախորդ տարվանից սկսված լայնածավալ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ 3 խոշոր ընկերությունները ակտիվ դերակատարում ունեն պետգնումների ոլորտում եւ շատ դեպքերում հանդես են գալիս որպես սննդի հիմնական մատակարարներ: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ տարեվերջին Հանձնաժողովը մոտ 15 մլն դրամ տուգանք է կիրառել նույն «Սեար գրուպ» եւ «Երեքնուկ» ընկերությունների հանդեպ՝ մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները բացահայտել են նաեւ ընկերությունների փոխադարձ պայմանավորվածության այլ փաստեր ևս:
Մի շարք դեպքերում, միաժամանակ մասնակցելով նույն մրցույթին, վերոնշյալ երեք ընկերություններից մեկը տվյալ ապրանքի մատակարարման համար ներկայացրել է անհամեմատ ցածր գին և, բնականաբար, հաղթող է ճանաչվել: Սակայն հետագայում հրաժարվել է մրցույթից՝ իր տեղը զիջելով երկրորդ տեղը զբաղեցրած եւ հաղթող ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության: Օրինակ՝ խտացրած կաթի մատակարարման համար երկու ընկերություններ առաջարկել են հետեւյալ հնային տարբերակները՝ 150 դրամ եւ 500 դրամ: 150 դրամ առաջարկողը շահել է մրցույթը, սակայն այնուհետ հրաժարվել մատակարարումից, իսկ պայմանագիրը բաժին է հասել 500 դրամ առաջարկողին;
Վերոնշյալ խախտումների հիման վրա այսօր կայացած նիստում Հանձնաժողովը վարույթ հարուցեց «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» եւ «Սեար Գրուպ» ընկերությունների հանդեպ:




























