Կենդանաբանական այգու մի քանի աշխատակիցներ բաց նամակ են ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով խնդրում են նոր տնօրեն նշանակել: Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
2011 թ. նոյեմբերին, երբ ընտրվեցիք Երեւանի քաղաքապետ մեծ հույս ունեինք, որ կենդանաբանական այգու շուրջ կուտակված խնդիրներն ի վերջո լուծում կստանան:
Սակայն այդպես էլ առ այսօր այդ խնդիրները առկա են ու դեռ ավելին` օր օրի շարունակում են ավելանալ: Նման համոզման ենք հանգել այս ամիսների ընթացքում ապարդյուն սպասողական եւ հույսի մարման արդյունքում: Հասկանալի է նամակի անհատական ստորագրությունների բացակայությունը, քանի որ նախկին քաղաքապետին ուղղված շուրջ 40 անհատական ստորագրությունները փոխանցվեցին «երաժիշտ-ռեժիսոր-քանդակագործ» եւ ամենակարեւորը ստախոս տնօրենին, որի հետեւանքով այսօր գրեթե բոլորը ազատված են աշխատանքից:
Այգին թեւակոխել է զարգացման նոր փուլ. ամայացվում են տարածքներ` հետագայում օտարելու նպատակով, կենդանիներին սովի են մատնել` սատկացնելու նպատակով, աշխատակիցներին միմյանց դեմ են տրամադրում` քայքայելով կոլեկտիվը` ստիպողաբար ստորագրել են տալիս գրություններ, որոնք վարկաբեկում են մեկը մյուսին, կեղծ տեղեկատվություն են տարածում այգում նոր կենդանիների համալրման վերաբերյալ` ընձուղտներ, փղեր, եւ այլն, թաքցնելով տգիտության եւ անտերության մատնելու հետեւանքով կենդանիների անկումները:
1. Մեծ վտանգի տակ է հայտնվել կենդանաբանական այգու աշտարակ շինությունը, դիտավորյալ կոտրել են դռներն ու ապակիները եւ մատնել անտերության` հույս ունենալով այն բերել ավերակ վիճակի եւ օտարել ներքեւից վեր խոյացող «XXX» ռեստորանային համալիրին: Բայց չէ՞ որ այս աշտարակը պատմամշակութային արժեք է, կենդանաբանական այգու սիմվոլներից է, եւ այն պետք է պահպանվի պետության կողմից:
2. Կենդանիները մատնվել են սովի. աշխարհում, առավել եւս Երեւանի կենդանաբանական այգում, չլսված երեւույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: Այժմ սատկած կենդանու մաշկը պահպանվում է մաշկամշակի մոտ, իսկ միսը` սառնարանում: Վերջինս որպես կեր տրամադրվում է գիշատիչ թռչուններին, ինչը հակացուցված է միջազգային կենդանաբանական այգիների կանոններով` գիշատիչ կենդանու մսով կենդանիներին կերակրելը: Վերջին օրերի ընթացքում սատկել են նաեւ մեկ գլուխ պոնի եւ մեկ գլուխ մուֆլոն, 40-50 ճագարներ եւ ջրլող թռչուններ:
3. Բոլորովին վերջերս տնօրենը դիսպետչերական ժողովի ժամանակ մեզ ներկայացրեց մի թուղթ, որի վրա ներկայացված էին մեր անուն-ազգանունները եւ պարտադրեց ստորագրել այն: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ թուղթը պետք է մաս կազմեր մի գրության, որով անտեղի հերյուրանքներ էին ուղղվում մեր նախկին աշխատակցուհուն, ով այս օրերին իր իրավունքներն է պաշտպանում դատարանում:
4. Կեղծ տեղեկություններ է տարածում կենդանիների համալրման վերաբերյալ` ընձուղտներ, փղեր եւ այլն:
5. Վերջապես, ո՞ւր են այն խոստացված միլիոնները, ո՞ւր են այն ներդրումները, որոնք խոստացվել էր երկու տարվա ընթացքում Կենդանաբանական այգին դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխան:
Չենք ցանկանում ծանրաբեռնել նամակը այն բոլոր մանրամասնություններով, որոնց մասին դուք որպես քաղաքապետ պետք է տեղեկացված լինեիք թեկուզ մամուլից: Ուղղակի դիմում ենք Ձեզ՝ դարձյալ հույս հայտնելով վերջ դնել այս կործանարար երեւույթը կենդանաբանական այգում` օր առաջ հեռացնել այս թյուրիմացությանը՝ մասնագետ, բանիմաց, աշխատանքային փորձ ունեցող նոր տնօրեն նշանակել, ով ի զորու կլինի մարդկանց աշխատանքը գնահատել եւ ամենակարեւորը՝ այգու աշխատանքը հասկանալ եւ լուծումներ տալ այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են այգում:
Հարգանքով` կենդանաբանական այգու նվիրյալ աշխատակիցներ»:
Նշենք, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Կենդանաբանական այգու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարեւան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:





























