Ռուսաստանի ՊետԴուման հունվարի 22-ին մերժել է Կոմունիստական կուսակցության ներկայացրած «ՌԴ նախկին նախագահների անձեռնմխելությունից զրկելու մասին» օրինագիծը։  Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, օրինագծում մասնավորապես նշված է եղել, որ «Ռուսաստանում պաշտոնական լիազորությունների դադարեցումից հետո, ոչ մի անձ չի կարող անձեռնխելության երաշխիքով ապահովված լինել»։ Կոմունիստները նշել են, որ նման օրենք այժմ գործում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում։ՊետԴումայի պետականաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Դմիտրի Վյատկինը նշել է, որ նախագահը «հանդիսանում է պետական գաղտնիքների տիրապետող անձ, հետեւաբար քրեական պատասխանատվության ենթարկելու սահմանափակումները նախկին նախագահների նկատմամբ հիմնավոր են, առավել եւս, որ դրանք բացարձակ բնույթի չեն»։Նշենք, որ ՌԴ-ում նախկին նախագահներին քրեական պատասխանատվության ենթարկելու սահմանափակումների մասին օրենքն ընդունվել է 2001թ.-ին։ Ըստ այդմ՝ նախկին նախագահին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել միայն ծանր հանցագործությունների դեպքում, բայց անհրաժեշտ է ստանալ ՊետԴումայի համաձայնությունը։