Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամները եւ ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:





























