Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որեւէ հակասություն չկա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ,  եւ մարզային կառույցները հրաշալի աշխատում են: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Մաքսիմ Հակոբյանի եւ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ երկուսն էլ այսօր զբաղված են` պայմանավորված Սերժ Սարգսյանի` Սյունիք կատարած այցելությամբ:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. կռվախնձորը նախագահի Հանրապետական թեկնածուի մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեեւ վաղուց որոշված էր, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Ինքը՝ կոմունիստ Հակոբյանը, դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու նախագահի ՀՀԿ թեկնածուի շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ:

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու նախագահի ՀՀԿ թեկնածուի Սիսիանի շտաբը: Բանը նրան է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել:
Նշենք, որ Մաքսիմ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին Կոմունիստական կուսակցության անդամ է եղել, սակայն այժմ ՀՀԿ-ական է։