Անհրաժեշտ է  արմատախիլ անել ոչ միայն աղքատության հետեւանքները, այլեւ՝ պատճառները: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին Ագարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մեզ համար կարեւորը սոցիալական արդարությունն է մեր բոլոր քաղաքացիների համար: Մարդիկ պետք է վստահ լինեն ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա օրվա համար: Ինչ-որ մեկին կարող է թվալ, թե թեկնածուն պետք է գովաբանի իրեն՝ խուսափելով անհարմար հարցերից: Բայց ես միշտ անկեղծ եւ պարզ եմ եղել, եւ այլ կերպ գործել չեմ կարող: Աղքատությունը մեր ամենալուրջ խնդիրներից է, եւ փորձը ցույց է տվել, որ միայն կենսաթոշակներով եւ բարեգործությամբ այն չես լուծի: Մենք պետք է հանգամանորեն քննարկենք եւ վերացնենք աղքատություն ծնող պատճառները: Ձկան եւ կարթի մասին խոսքերը բոլորին են հայտնի: Եթե մարդուն ձկան փոխարեն կարթ նվիրենք, ինքն անձամբ կարող է ձուկ բռնել: Նման մոտեցման դեպքում մարդն ինքը կարող է իր ընտանիքի համար բարօրություն ստեղծել, ավելցուկն էլ շրջանառության մեջ դնել: Կարծում եմ, բոլորիդ հայտնի են այն քայլերը, որոնք մենք ձեռնարկեցինք  կենսաթոշակային համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Մենք կարողացանք այն դուրս բերել խախտումների մեծ շրջանակից: Նոր համակարգի ներդրման արդյունքը կենսաթոշակների անընդհատ աճը կլինի: Եւ անգամ ամենացածր կենսաթոշակը պետք է ապահովի թոշակառուի նվազագույն կարիքները:  Միեւնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք. մեր փոխարեն ոչ ոք մեզ համար լավ կյանք չի ստեղծի: Մենք պետք է ինքներս կատարենք առաջադրանքը:  Ահա  դեպի ավկատարյալ եւ ապահով Հայաստան տանող ուղին», - ասել է գործող նախագահը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am