Անշարժ գույքի ռիելթորների պայքարն ընդդեմ «Արտոնագրային վճարի մասին» օրենքի վերջին փոփոխությունների՝ որեւէ քաղաքական ուղղվածություն չունի:
Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին հայտարարեց «Ա.Գ.Բորսա» ընկերության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին՝ ելույթ ունենալով անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների եւ բրոքերների ժողովում: Ա. Պրիբիլսկու խոսքով՝ իրենք միայն տնտեսական պայքար են մղում, ձգտելով չեղյալ համարել նոր արտոնագրային վճարը, ըստ որի՝ հունվարի 1-ից պետք է ամսական 60 հազ. դրամ վճարեն յուրաքանչյուր աշխատողի համար (մարզերում՝ 10-50 հազ. դրամ): Ա. Պրիբիլսկին այս պահին ընդունելի է համարում շրջանառության 5% հարկի կիրառումը;
«ԱՐ-Գո Ռիելթի» ընկերության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանն էլ հայտարարեց, որ թույլ չեն տա, որ ինչ որ մեկը ձեռքերը տաքացնի այս հարցի վրա՝ քաղաքականացնելով այն: «Կլինեն պրովակատորներ, անպիսի հարցեր կտան, որ քաշեն քաղաքական խաղերի մեջ, բայց մենք քաղաքական ամբիցիաներ չունենք»,- ասաց Ա. Գոջաբաշյանը:
«Կենտրոն» ընկերության տնօրեն Վահե Դանիելյանը նշեց, որ ռիելթորական գործակալությունների եկամուտները կայուն չեն, ամիսներ է լինում՝ ընդհանրապես եկամուտներ չունեն, իսկ այդպիսի բարձր արտոնագրային վճարը պարզապես կսնանկացնի որոշ ընկերությունների:
Նշենք, որ ռիելթորական գործակալությունները ձեւավորել են հասարակական նախաձեռնող խումբ եւ բաց նամակով դիմել հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով չեղյալ համարել արտոնագրային վճարները:





























