Հայաստանի գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում եւ հսկողություն է իրականացվել 718 նյութերի նախապատրաստման եւ 155 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված  նյութերից 97-ով հարուցվել են քրեական գործեր, 420 քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 357-ը` արդարացման եւ 63-ը` ոչ արդարացման հիմքերով:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննված քրեական գործերից 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան, 45-ը` կարճվել է, 28-ը կասեցվել, 1 քրեական գործ միացվել է, 6 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 33 քրեական գործերի նախաքննությունը մնացել է անավարտ:

Բացի այդ, վարչության կողմից ստուգվել է 425 նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից 6-ով վերացվել են որոշումները եւ հարուցվել քրեական գործեր, 30-ով տրվել են ցուցումներ:

Ստուգվել է նաեւ 987 քրեական գործերով վարույթը կարճելու եւ 1230 քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքներով վերացվել են 24 որոշումներ, 82 քրեական գործով տրվել են նախաքննության լրիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու, խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ:

2012թ. ընթացքում վարչության դատախազները 46 քրեական գործով 62 անձի նկատմամբ դատարանում պաշտպանել են մեղադրանքը:

2012թ. վարչությունում մուտք է եղել եւ քննարկվել 1548 դիմում-բողոք, այդ թվում` 185-ը` ՀՀ նախագահի աշխատակազմից, 46-ը` ՀՀ ազգային ժողովից, 33-ը` ՀՀ կառավարությունից, 21-ը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից: