Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրվել է ՀՀ նախագահի 8 թեկնածուների ունեցվածքի մասին տեղեկությունները։

Հանրապետության գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարագրել է Ստեփանակերտում գտնվող 96 քմ տարածքով շինությունը, որի համասեփականատերն է։ Նրա սեփականությունն է նաեւ 1992թ. արտադրության «Mitsubishi Montero» մակնիշի մեքենան։ Սերժ Սարգսյանին պատկանող 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք առարկաների ցանկում նշված է 18-20 դարերի առարկաներ։ Խանջյանի, Կոջոյանի, Սարյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի ստեղծած 32 կտավներ։ Գործող նախագահն ունի մի քանի եկամուտի աղբյուր. Աշխատավարձ 3,9 մլն դրամ եւ աշխատավարձին հավասարեցված վճարումներ 2,6 մլն դրամ։ Սերժ Սարգսյանը եկամուտ է ստանում նաեւ «Արարատբանկի» փոխառություններից։ Հայտարարգիրը ներկայացնելու օրը՝ հունվարի 16-ին, Սերժ Սարգսյանն ունեցել է 108,4 մլն դրամ, արժեթղթեր։ Ներդրումներ չեն եղել։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է Նորք-Մարաշում եւ Երզնկյան փողոցում իր անշարժ գույքը։ Գույքի տարածքի եւ սեփականատիրության մանրամասների վերաբերող տեղեկությունը բացակայում է։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է նաեւ «Գազ 311000» մակնիշի մեքենա, որի արտադրման թիվը նշված չէ։ Անշարժ գույքի, 8 մլն դրամ արժողությունը գերազանցող իրերի, արժեթղթերի եւ ներդրումների, ինչպես նաեւ եկամուտների վերաբերյալ հատվածում գիծ է քաշված; Հայտարարարգիրը ներկայացնելու պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 402 հազար դրամ եւ 51 հազար դոլար։

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է 613 քմ տարածքով եւ կից հողակտորով երկու բնակարան, ավտոտնակ։ Բնակարաններից մեկը Սայաթ Նովա պողոտայում է, իսկ մյուսը Արաբկիր վարչական շրջանում։ Բագրատյանը հայտարարագրել է նաեւ 2003թ. արտադրության «Nissan X-Trail» մակնիշի մեքենան։ Եկամուտներ բաժնում, նախագահի թեկնածուն նշել է 2 մլն 180 հազար դրամ Ազգային ժողովի տարեկան աշխատավարձը, Հայ-սլավոնական համալսարանից ստացվող 1 մլն դրամից ավելի աշխատավարձը։ 91439 գրիվնա աշխատավարձ, որը ստանում է Ուկրաինայի ազգային բանկի բանկային գործի համալսարանից։ 9400 եվրո գումար, որը ստանում է «Pernod Ricard» ընկերությունից եւ 7,34 մլն դրամ, որը ստանում է վարձակալությամբ տրված գույքի դիմաց։

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը անշարժ գույք հատվածում հայտարարագրել է մեկ հողատարածք Կոտայքի մարզում, եւս մեկ հողատարածք կրկին Կոտայքում, բայց արդեն անավարտ շինությամբ, եւ եւս մեկը անավարտ շինությամբ Երեւանում։ Հայրիկյանը հողեր եւ շինություն ունի նաեւ Գեղարքունիքի մարզում։ Առաջին երեքում Հայրիկյանը միայնակ սեփականատեր է, իսկ վրջին դեպքում համասեփականատեր է։ Հայրիկյանն իր անունով ունի 2003թ. արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի մեքենա։ Հայրիկյանի եկամուտները գոյանում են ԱՄՆ տարբեր բանկերում գտնվող 50 հազար դոլար գումարի շրջանառությունից, ինչպես անեւ 360 հազար դրամ կենսաթոշակից։ Հայրիկյանը հայտարարագրել է նաեւ «MGM» ընկերության 300 բաժնետոմս։ Հայտարագիրը ներկայացնելու պահին Հայրիկյանն ունեցել է 120 հազար դրամ եւ 20198 դոլար գումար։

«Ռադիո հայ»-ի խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանը հայտարարագրել է Երեւանի կենտրոնում մեկ բնակարան, մեկ առանձնատուն, հողատարածք եւ վարելահող Զովունիում, 2007թ. արտադրության «Toyota Prado» մակնիշի մեքենա։ Ղուկասյանին են պատկանում «Ֆլամնինգո-բիչ արտ» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը։ Նրա եկամուտները գոյանում են ձեռնարկատիրական գործունեությունից։ Հայտարարագիրը տրամադրելու պահին, Ղուկասյանն ունեցել է 2,5 մլն դրամ։

Էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրկայանը հայտարարգրի եկամուտին վերաբերող բոլոր կետերում գծիկներ է դրել։ Նա եկամուտ չունի։ Վարդան Սեդրակյանն ունի 252 քմ տարածքով բնակելի տուն Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 132 քմ տարածքով բնակարան Արաբկիր վարչական շրջանում, Եղվարդ քաղաքում հողատարածքներ։ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում ունի հող եւ 300 քմ տարածքով գոմ։ Էպոսագետ Սեդրակյանի անունով գրանցված մեքենան «Mitsubishi Outlander 0.3» է։ Հայտարարգիրը տրամադրելու պահին Սեդրակյանն ունեցել է 9 մլն 9 հազար դրամ։     

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարագրել է 107,9 քմ տարածքով տունն ու հարակից շինությունը, մեկ բնակարան եւ 2003թ. արտադրության «Գազ 3110-101» մեքենան։ Նրա եկամուտները գոյանում են խնայողություններից եւ փոխառություններից։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին Արամ Հարությունյանն ունեցել է 1 մլն 600 հազար դրամ եւ 500 դոլար։  

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախագահի միակ թեկնածուն է, ով հայտարարագրի համաձայն, ոչ եկամուտ ունի, ոչ անշարժ գույք, ոչ մեքենա, ոչ թանկարժեք իրեր։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին, Մելիքյանն ունեցել է 440 հազար դրամ։