«Ես տխմար հարցերի պատասխան չի տալիս»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը` արձագանքելով Հրանտ Բագրատյանի շտաբի  տարածած այն հարցին, թե ու՞մ խաղերն է նա խաղում, իշխանությա՞ն:

Վարդան Սեդրակյանի խոսքով, եթե Հրանտ Բագրատյանը ուշադիր հետեւել է իր ասուլիսներին` հուլիսից սկսած, կտեսնի, որ Հրանտ Բագրատյանի մասին միայն վերջին ասուլիսին է անդրադարձել: «Երբ ես հայտարարում էի, որ առաջադրելու եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ նստած էր: Եվ միայն այն բանից հետո, երբ դեկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը  հայտարարեց, որ չի առաջադրվում, նոր միայն Հրանտ Բագրատյանը առաջադրեց իր թեկնածությունը: Այդ մարդը հիվանդ ա մեծամտությամբ, ինքնասիրահարված անձնավորություն է եւ ես բոլոր ասուլիսներում չեմ անդրադարձել նրա թշվառ, ողորմելի կերպարին»,- արձագանքեց Վարդան Սեդրակյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ չէր կարող զուտ տեխնիկապես անդրադառնալ Հրանտ Բագրատյանին, որովհետեւ Բագրատյանը այդ ժամանակ թեկնածու չէր: «Այդ ժամանակ Հրանտ Բագրատյանը տխուր աչքերով նայում էր, թե իր տերը երբ է առաջադրվելու: Հիմա տեսեք, 2008թ-ին Լեւոնի կողքն էր վարչապետի երազանքով, հիմա էլ Սերժի կողքն է էլի վարչապետի երազանքով: Խաղեր խաղալը, տերեր փոխելը, երեւի, իր բնավորության գիծն է:  Եթե ես 6 ամսվա ընթացքում միայն 1 նախադասություն եմ ասել իր մասին, դուք նայեք, թե ես Սերժ Սարգսյանի եւ մյուս թեկնածուների մասին ինչեր եմ ասել: Ի՞նչի  ա ինքը այդքան ինքնասիրահարված կամ, ո՞վ ա ինքը, ո ր ես  իմ ասուլիսներին իր մասին խոսեմ»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ  նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը ասել էր. «Իսկ մի քանի օր առաջ՝ հեռուստացույցով  ասաց, թե  5000 շշից բաղկացած կոնյակների կոլեկցիա ուներ, բայց մնացել է 300-ը: Մարդը 4700 շիշ կոնյակ է խմել ու հպարտությամբ պատմում  էր, թե, որն է եղել իր ամենաթանկ կոնյակը…Նա պատրաստվում է նախագահ դառնալ ու եթերով ասում է, թե անցած 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել, դուք հաշվեք թե քանի տոննա սպիրտ է դա անում: Ինձ ինչ, ուզում է թող ցիստեռնով խմի, բայց դա այն մարդն է, որը վարչապետ եղած ժամանակ նույնիսկ «Marlboro»-ի  փող չուներ»:

Ի պատասխան Հրանտ Բագրատյանի շտաբը արձագանքել էր, թե «Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ «Marlboro»-ի մասին է խոսքը: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում «Պեռնո Ռիկար» ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը»: