Ադրբեջանի Իսմայիլի շրջկենտրոնու իրավիճակը շարունակում է լարված մնալ: Turan-ը հայտնում է, որ ցուցարարներին ցրելու ժամանակ ծեծի են ենթարկվել եւ ձերբակալվել 10 մարդ, տուժել են մի քանի ոստիկան:
Ոստիկանությունը պահանջել է փակել բոլոր հանրային հաստատությունները ՝ խանութներ, սրճարաններ, թեյարաններ եւ այլն: Մարդկանց արգելված է դուրս գալ կենտրոնական փողոցներ, գրում է contact.az-ը:
Լուրեր են ստացվում հարեւան Աղսու, Գաբալա եւ Գեյչայ մարզերում իրավիճակի սրացման մասին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մարդկանց խմբերը հավաքվում են գործադիր իշխանությունների շենքերի առաջ եւ արտահայտում իրենց բողոքը:
Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն մեկնաբանում Իսմայիլիի այսօրվա իրավիճակը:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ ներքին զորքերը ռետինե փամփուշտներ են կիրառել, ի պատասխան ցուցարարները դյուրավառ խառնուրդով շշեր եւ քարեր են նետել: Սահմանափակվել է լրագրողների գործունեությունը եւ քաղաք ժամանողների մուտքը: Համացանցի հետ կապված խնդիրներ են ծագել, իսկ ինտերնետային ակումբները փակվել են: Իշխանությունները փորձում են կանխել Youtube-ում տեսանյութերի տեղադրումը: Սոցցանցերի նամակագրության հանդեպ վերահսկողությունը խստացվել է:





























