Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար, մի շարք սերիալներում նկարահանվող Արտաշես Ալեքսանյանը կոչ է անում նախ նայել ֆիլմը, ապա` քննադատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Արտաշես Ալեքսանյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկին, ծաղրանկարներին եւ քննադատություններին:

Դերասանը շեշտեց, որ քննարկումներով, քննադատություններով միայն թշնամու ջրաղացին են ջուր լցնում եւ արդեն հասել են որոշակի «հաջողությունների», մասնավորապես` ադրբեջանցիները գրում են, թե հայերը ֆիլմ են նկարում  մի մարդու մասին, որը բամաթիվ չարագործություններ է արել: Քննադատություններին, թե ամեն ոք իրավունք չունի Նժդեհ խաղալ, նա հետեւյալ կերպ հակադարձեց. «Էդ ո՞վ է էդ իրավունքը տալիս, մեր մասնագիտությունը առաջարկում է խաղալ ամեն ինչ: Եթե պրոֆեսիոնալ ես, բոլոր դերերում պետք է կարողանաս խաղալ»,- ասաց նա:

Թե որքանով է նրան հաջողվել մտնել Նժդեհի կերպարի մեջ, նա նշեց, որ դա կասի հանդիսատեսը: Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ էկրանի վրա իրեն դեռ չի նայել եւ չի կարող գնահատական տալ իր խաղին:

Դերասանից փորձեցինք ճշտել նաեւ, թե ֆիլմում Գարեգին Նժդեհ մարմնավորելով` իր գաղափարական արժեհամակարգում ինչ փոփոխություններ են եղել, օրինակ` հնարավոր է անդամակցի Հանրապետական կուսակցությանը, սակայն նա շեշտեց, որ ազատ արվեստագետ է, չի պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Գարեգին Նժդեհ» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. սկզբում: Այն նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին: Նկարահանումները կայացել են Հայաստանում  եւ Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից առաջին լուսանկարների համացանցում տարածվելուց հետո մեծ քննարկումներ ծավալվեցին, եղան քննադատություններ: «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երեւանի բոլոր կինոթատրոններում: