Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Փետրվարի 5-ի երեկոյան երկու անհայտ անձ կրակահերթ են բացել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա: Շենքի դիմաց հերթապահություն իրականացնող ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչի արդյունքում հանցագործները, նստելով ավտոմեքենան, հեռացել են դեպքի վայրից:
Անմիջապես կանչվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր, իսկ կուսակցության գրասենյակի հարակից փողոցները փակվել են երթեւեկության համար:
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2009-ի դեկտեմբերի 11-ի Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները անդամագրվեցին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը: Վերջինս թուրքական խորհրդարանում ունի 20 հոգանոց պատգամավորական խմբակցություն:
Փետրվարի 1-ին տեղի ունեցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջին արտակարգ համաժողովում նախագահ ընտրվեց Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի դատախազությունը համագումարից մեկ օր հետո հասցրեց երկու տարբեր քրեական գործեր հարուցել հիշյալ կուսակցության դեմ` «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու», «ժողովրդին զինվորականությունից հեռացնելու» եւ «քաղաքական կուսակցությունների ոգուն հակառակ գործունեություն իրականացնելու» մեղադրանքով:




























