«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի քարոզարշավի առաջին շաբաթը բավականին արդյունավետ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը` հավելելով, որ գոհ են քարոզարշավի առաջին շաբաթից:
Հրանտ Բագրատյանը իր քարոզարշավը սկսեց Վերին Արտաշատ գյուղից, ապա այցելեց Տավուշի մարզ, եղավ մի շարք բնակավայրերում: Նախագահի թեկնածուն այցելել է սահմանամերձ մի շարք գյուղերում` Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ: «Գյուղացիները շատ ոգեւորված են եղել, շատ լավ են ընդունել իրեն, հետաքրքրված են եղել մի շարք հարցերով` գյուղատնտեսական ոլորոտում պարոն Բագրատյանի ծրագրերով»,- ասաց նա: Տավուշցիների հետ նախագահի թեկնածուն խոսել է նաեւ փոքր եւ միջին բիզնեսից, կոպերացիաների ստեղծումից, բանակային խնդիրներից: Մամուլի քարտուղարը հայտնեց, որ ազատամարտիկները նշել են, որ «մենք կռվեցինք, հաղթեցին, բայց մինչեւ հիմա բանակում զինծառայողներ են զոհվում»:
Հրանտ Բագրատյանը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել որպես թեկնածու, քննարկվել են քարոզարշավի եւ շտաբի աշխատանքներ վերաբերյալ կազմակերպչական հարցեր: «Մեզ այցելել են բազմաթիվ համակիրներ, աջակիցներ, առաջարկել են իրենց օգնությունը: Մարդիկ ոգեւորված են նրա առաջարկած 100 քայլ ծրագրով` ընդամենը 100 քայլ կամ դեպի սոցիալական արդարություն»,- ասաց Կարինե Հարությունյանը: Հաջորդ շաբաթ եւս Հրանտ Բագրատյանը կայեցլի մարզեր, սակայն երթուղին դեռ հստակ չէ:
Ի դեպ, այս շաբաթ մի քանի կուսակցություններ հայտարարել են Հրանտ Բգարատյանին սատարելու մասին: Դրանք են «Շրջադարձ» կուսակցությունը, ՀԱԿ անդամներից` Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը: Կարինե Հարությունյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանին սատարելու մասին հայտարարել է նաեւ ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը, Պետրոս Մակեյանը` անձնական մակարդակով եւ այլն:





























