Հայաստանի նախագահի թեկնածուներից երեքը` «Ազգային համաձայնության» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Սրման Մելիքյանը եւ էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը պատրասատակամ են ընդառաջել «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» եթերաժամանակ տրամադրելու կոչին:

Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատրաստակամ է ՀՀ նախագահի թեկնածուների մրցապայքարում իրենց տրամադրվող Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամը ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը» իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Նա նշեց, որ  վճարովի եթերաժամ չունի, իսկ եթե օրենքը թույլ է տալիս, ապա պատրաստ է իր եթերաժամը տրամադրել քաղաքացիական նախաձեռնությանը: «Ես պատրաստ եմ  իմ եթերաժամը տրամադրել: Թեղուտի ակտիվիստները թող ինձ հետ կապ հաստատեն պայմանավորվենք:Կարող է մի օր իրենք օգտվել այդ անվճար եթերաժամից` մի օր ես կամ երկու օր իրենք` երկու օր ես»,- առաջարկեց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի մեկ այլ թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ հենց այդպես էլ վարվել էին, եթերաժամը տրամադրել էին հասարակական գործիչներին: «Դիմումի մեջ ռացիոնալ բան կա, սկզբունքորեն հնարավոր կլինի, իրենք պետք է անմիջականորեն դիմեն, ասեն` ինչ են, ով են: Ես սահմանափակելու խնդիր չունեմ, բայց թեման պետք է հասկանալի լինի»,-ասաց նա` շեշտելով, որ նման հնարավորություն տեսնում է, եթե անմիջականորեն դիմեն, կարող են հանդիպել, քննարկել, որոշ մանրամասներ ճշտելուց հետո մեկ-երկու անգամ նման հնարավորություն տրամադրեն:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը եւս պատրաստակամ է օգնել Թեղուտի պաշտպաններին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ եթե ասելիք կա, իրենք կարող են հանդիպել եւ այդ հարցերը ինքը բարձրացնի: «Ես ոչ թե ափսոսում եմ իմ անվճար ժամերը, եթե տանք բոլոր խմբերին, այդ ժամանակ ժամանակ չի մնա ընդհանրապես, բայց ես բոլոր հարցերը պատրաստ եմ բարձրացնել: Իրենց նպատակը որ՞ն է, որ իրենք բարձրացնեն, թե հարցը բարձրացվի»,- ասաց նա` շեշտելով, որ  պատրաստակամ է հանդիպել նրանց հետ եւ նպատակահարմար է, որ ինքը բարձրաձայնի այդ խնդիրները եթերով: 

Նշենք, որ  «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» կոչ է անում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին մրցապայքարում իրենց տրամադրվող Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օրինակով ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել ՀՀ քաղաքացիներին»: